Ո՞ւր է ԱԱԾ-ն, արդյո՞ք երաշխավորված է, որ Երևանում հայտնված ադրբեջանցիները ահաբեկչություն չեն իրականացնի

Ո՞ւր է ԱԱԾ-ն, արդյո՞ք երաշխավորված է, որ Երևանում հայտնված ադրբեջանցիները ահաբեկչություն չեն իրականացնի

«Սա հոգեբանական դիվերսիա է». այսպես է մեկնաբանում վերլուծաբան Արմինե Հայրապետյանը, անդրադառնալով ադրբեջանցու՝ Հանրապետության հրապարակից արված տեսանյութը, որտեղ նա Երևանն «Իրեվան» է անվանում, այն ներկայացնելով պատմական ադրբեջանական քաղաք։ 

«Երեկ այդ տեսանյութերը տարածելուց հետո, իբրև արդարացում, որոշ օգտատերեր ասում էին, թե երիտասարդն ազգությամբ ադրբեջանցի է, բայց ապրում է Վրաստանում։ Դա ի՞նչ կապ ունի։ Փաստը մնում է այն, որ նա եկել է Հայաստանի մայրաքաղաք ու այն ադրբեջանական հող է անվանում։ Ավելին, մի բուռ հող է իր հետ տարել Բաքու, որտեղ, ադրբեջանցի հայտնի բլոգեր Քեմրան Ռազմովարի հետ հացահատիկի սերմ են դնում այդ հողի մեջ, տեսագրում գործընթացը, վերնագրում՝ «Շախ ու մատ»»,-նշում է Հայրապետյանը։ 

Նշենք, որ Քեմրանն ադրբեջանցի քարոզիչ է, ով իր լսարանում հայտնի է որպես հակահայ քարոզիչ։ Նա սովորական բլոգեր չէ, այլ տեղեկատվական ագրեսիայի մասնակից, որի ցանկացած հրապարակում քաղաքական «պատերազմ» է Հայաստանի դեմ։

«Ինձ միայն մի հարց է հետաքրքիր՝ ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն, մյուս պատասխանատու ուժայինները։ Զբոսաշրջիկի անվան տակ կարող են գալ ադրբեջանական խմբեր, այստեղ «Ջան Ղարաբաղ» երգել, այցելել Եռաբլուր, նկարահանումներ անել հրապարակում, Հայաստանը «պատմական Ադրբեջան» անվանել։ Արդյո՞ք երաշխավորված է, որ նրանք ահաբեկչություններ չեն իրականացնի մարդաշատ վայրերում»,-ընդգծում է նա։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում նկարահանված տեսահոլովակները մերժամանակյա հիբրիդային պատերազմում լավագույն գործիքակազմ են հանդիսանում։ Դրանք ոգևորում են Ադրբեջանի հանրությանը, բարձրացնում ագրեսիայի տրամադրությունը և ներշնչում հայ ժողովրդի նվաստացումը:

Հունան Թադևոսյան