Նախընտրական հոլովակ՝ Նյու Յորքից 

Նախընտրական հոլովակ՝ Նյու Յորքից 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:

Փաշինյանն իսկապես «արտառոց» ելույթ է ունեցել, որովհետև այնպիսի հաստատուն տպավորություն է ստեղծվել, որ նա հասել էր ՄԱԿ՝ ոչ թե երկրի պրոբլեմները բարձրացնելու, այլ նախընտրական հոլովակի համար նյութ ստանալու նպատակով:

«Ի տարբերություն նախորդ երեք անգամների ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի սկզբանե հասկացնելով, որ իր օրակարգը «բեռնաթափված» է երկրին հուզող խնդիրներից:

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Փաշինյանը կատարում է Ալիևի առջև ստանձնած հերթական պարտավորությունը՝ միջազգային հարթակներում որևէ «թթու խոսք» չասել Բաքվի հասցեին, ու սա այն դեպքում երբ նրա ելույթը տեղի է ունենում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների տարելիցի օրերին:

«Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է, և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե ոչ»,- ասել է Փաշինյանն՝ աշխարհին հորդորելով ապրել ոչ թե ռեալությամբ, այլ պատրանքներով, երկիր կործանող իր մոդելով:

Վահրամ Բագրատյան