Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. 

Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, եւ ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։

«Հրապարակ» թերթը գրում է. 

Արցախում 2 նախարար կա եւ 8 նախարարի ԺՊ։ Արցախի կառավարությունը 11 նախարարությունից է բաղկացած։ Միայն Պաշտպանության եւ ՆԳ նախարարություններն ունեն նախարարներ՝ Կամո Վարդանյանւ եւ Կարեն Սարգսյանը, բոլոր մյուսների ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության պատասխանատուն ասում է․«Կառավարությունը պետք է ձեւավորվեր, սկսվեցին այս իրադարձությունները, եւ հարցը մնաց առկախված։ ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները։ Ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի»։

«Հրապարակ» թերթը գրում է. 

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ նշանակված Արման Բարխուդարյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերն է, որը մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։ Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին՝ Ավինյանի մյուս ընկերոջը։

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանական բիրտ գործողությունների մասին իր թեթեւակի դատապարտող գրառման համար, իսկ դեկտեմբերին նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական։ Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետեւից են փոխում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների հետ կապված քրեական վարույթներով Հակակոռուպցիոն կոմիտեն գնում է կարճման որոշումների: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Նույն կերպ կարճվեցին ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Քրեական վարույթով անցնող մեղադրյալները, հայտնվելով բարդ իրավիճակում, չեն կարողացել դուրս գալ երկրից ու ստիպված համաձայնել են՝ վաղեմության հիմքով գործը կարճվի:

Այսպես, «Մարտի 1»-ի գործով վարույթները հերթով տապալվում են, եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստումը չկատարեց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարճել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգեւավճարը շնորհել յուրայիններին: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են հայտնում՝ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգեւավճարներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականներն ու թե՛ փորձագետները հերթական անգամ պարգեւավճար չեն ստանա: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունն ԱԺ լրատվական վարչությունը մեկնաբանեց՝ այդպես էլ չհերքելով, որ նման մտադրություններ ԱԺ ղեկավարությունը չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն էլ հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապահահատվածից, ինչի հետեւանքով ճանապարհի այդ հատվածի հսկողությունն անցել էր Ադրբեջանին։ Փաստաթղթի բովանդակությունը, ըստ պատգամավորների, գաղտնի է պահվում, եւ նույնիսկ իրենց չի հաջողվել ծանոթանալ դրան։

Այն, ինչի մասին խոսվում էր, ըստ էության, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ 2020 թվականի դեկտեմբերին կնքված փաստաթուղթն էր, որի գոյության մասին հայտնի է դարձել միայն 2021թ.-ի աշնանը, թեեւ իշխանություններ պնդում են, թե հանրությունը տեղեկացված է եղել։ Փաստորեն, ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե 2020թ.-ի դեկտեմբերին ստորագրված փաստաթուղթը ոչ թե զորքերի հետքաշման մասին էր, այլ ճանապարհի օգտագործման, որը տեւելու էր այնքան, մինչեւ Հայաստանը կառուցեր շրջանցող մեկ այլ ճանապարհ (այս դեպքում՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհը)։ Եթե Հայաստանի իշխանությունները դրա կառուցումը սկսեին հենց 2020թ.-ի դեկտեմբերից, ապա իրենց տրամադրության տակ ի սկզբանե կունենային 11 ամիս եւ ոչ թե 5։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը նկատում է՝ կառավարությունը դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին, ստորագրելով փաստաթուղթ, համաձայնել է շրջանցիկ ճանապարհը կառուցելուն պես հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այլընտրանքային ճանապարհի կառուցումը սկսել է ստորագրումից ավելի քան կես տարի անց՝ արդյունքում ժամանակի սղություն ունենալով ճանապարհի պատշաճ կառուցման համար։

Ընդամենը 5 ամսում իշխանությունները վերանորոգեցին շրջանցող ճանապարհը, եւ հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ իսկապես ֆորսմաժորային իրավիճակում ճանապարհը հանձնվեց շահագործման։ Վարչապետ Փաշինյանի ձեւակերպած «ֆորս մաժորը», սակայն, ոչ թե անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ստեղծված իրավիճակ էր, այլ ավելի քան կես տարի այդ ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու հետեւանք. աշխատանքները պատշաճ եւ ժամանակին չեն կատարվել: