Ընդդիմության պայքարը պետք է ստանա ծրագրային բնույթ՝ վարչապետի հստակ թեկնածուով

Ընդդիմությունը շարունակում է պայքարը փողոցներում և հրապարակներում՝ այդ պայքարին փորձելով հաղորդել համազգային, համաժողովրդական բնույթ՝ ՀՀ-ում անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար՝ գիտակցելով, որ Հայաստանն ու Արցախը պետք է այսօր հնարավորինս զերծ պահել ցնցումներից: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական «կոճակ սեղմողները» հայոց պետականության իմունիտետն այնքան են հյուծել, որ ցանկացած ներքաղաքական ցնցում կարող է ճակատագրական լինել հայոց պետականության և Արցախի ապագայի համար:
Ընդդիմության շարքերը համալրված են պրոֆեսիոնալներով՝ քաղաքական հետագիծ ունեցող պետականամետ գործիչներով, ովքեր իրենց նպաստն են բերել արցախյան հերոսամարտում, հայոց պետականության կայացման գործում ունեն իրենց լուրջ ավանդը: Սակայն ընդդիմությունը՝ ՀՀ տատանվող քաղաքացիներին, ովքեր դեռևս տանն են և հետևում են ցույցերին սոցիալական հարթակներով, պետք է հստակ «ճանապարհային քարտեզ» և վարչապետի իրենց թեկնածուին ներկայացնի:
Եթե ընդդիմության պայքարը լինի թե ծրագրային՝ ներկայացվեն ՀՀ-ի ու Արցախի փրկության, հզորացման, բանակի և տնտեսության վերականգնման հստակ քայլեր, թե անձնավորված՝ ապագա վարչապետի հստակ թեկնածուով՝ պայքարը կարող է ընդգրկել նաև մարզերն ու սոցիալական նոր շերտեր՝ Երևանում:
Վահրամ Բագրատյան