Սեփականության վերաբաժանում՝ «թամաշայի» տեսարաններով

Գլխավոր դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի ամիս «պատերազմի» մեջ են, հիմա էլ վեճի առիթը Հովիկ Աբրահամյանի դղյակի չարչրկված թեման է։ Տարբեր երկրներում պատահում է, որ պետական մարմիններն ունենան «բախումներ», բայց սովորաբար այդ հակասությունները դրսևորվում են քաղաքական հիմնարկների միջև։ Միջգերատեսչական բախումների ժամանակ քաղաքական ղեկավարությունն արագ լուծումներ է գտնում, օրինակ՝ պաշտոնանկ են արվում «պատերազմող» պաշտոնյաները կամ նրանցից մեկը կամ «պատերազմները» տեղափոխվում են աշխատանքային քննարկումների հարթություն՝ մինչև կգտնվեն ինստիտուցիոնալ լուծումներ։
Հայաստանում այլ պատկեր է։
Ինչ-որ մեկը, ենթադրաբար՝ իրավապահ այս մարմինների ղեկավարներին նշանակող Նիկոլ Փաշինյանը, կարծես, «հաճույք» է ստանում Արթուր Դավթյան- Սասուն Խաչատրյան հակադրությունից։ Ինչքան վիճեն՝ այնքան ռեսուրս կմաշեցնեն ու կախյալ կլինեն վարչապետից, մյուս կողմից՝ միշտ էլ պետք են «թամաշաներ» հանրության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու համար։
Օրինակ, այս դեպքում բոլորս հետևում ենք, թե ինչ ասեց Գլխավոր դատախազությունը, ինչ պատասխան տվեց Հակակոռուպցիոն կոմիտեին՝ «գող փիսո, քաչալ շուն» մոտիվներով։
Հետո ինչ, որ տուժում են կարևոր պետական մարմինների, առհասարակ՝ պետական համակարգի հեղինակությունը, կարևորը՝ Փաշինյանը այս «թամաշայի» ստվերում քողարկում է երկրում սկիզբ առած սեփականության տոտալ վերաբաժանման գործընթացը։
Աճեցրել են իրենց «սրտի օլիգարխին», որը «նախկին հանցավորներից» գույք է գնում կամ խլում՝ ստեղծելով Փաշինյանի ավտորիտարիզմի տնտեսական բազիսը։
Ի՞նչ արդարություն, սեփականության սովորական վերաբաժանում է...
Վահրամ Բագրատյան