Բազում վախեր, մրցանակային  տեղ ու գրան պրի․ Լիլիթի թիմը Վրաստանում հատեց հաղթանակի ռուբիկոնը

Բազում վախեր, մրցանակային  տեղ ու գրան պրի․ Լիլիթի թիմը Վրաստանում հատեց հաղթանակի ռուբիկոնը

«Երբ տասնյակ երկրների շարքում բեմից հայտարարեցին մեր անունը որպես առաջին տեղի դափնեկիր, ցնծության փոխարեն արտասվում էինք։ Դա նրանից էր, որ տեղահանությունից հետո ավելի փխրուն ենք դարձել»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի պարուսույց, «Արցախ» պարային խմբի հիմնադիր ղեկավար Լիլիթ Գրիգորյանը։ 

Նա Ստեփանակերտում պարի խումբ ուներ, որի շարքերն օրեցօր համալրվում էին նոր մասնակիցներով, սակայն պատերազմն ու բռնի տեղահանությունը փոխեցին Լիլիթի երազանքները։

Գաղթից հետո թևաթափ եղած պարուսույցը մի օր ուժ հավաքեց ու որոշեց խումբը վերաբացել Երևանում։

«Դա շատ պատասխանատու որոշում էր, բայց սկզբունքային։ Ո՛չ տեղ ունեինք, ո՛չ պայմաններ։ Ու քանի որ բոլորս ցրվել էինք ամբողջ Հայաստանով մեկ, դժվար էր բոլորին հավաքել: Այնուամենայնիվ, 22 հոգի համալրեցին «Արցախ» պարային համույթի շարքերը։ Իմ և ծնողների անունից երախտագիտություն եմ հայտնում Նոր Նորքի թաղապետարանին՝ մշակույթի տանը մեզ տեղ հատկացնելու համար։ Այդպես վերսկսեցինք մեր պարապունքները»,- նշեց նա։ 

«Արցախ» պարային խումբը մասնակցել է Հայաստանում կայացած «Սոտե» պարի փառատոնին, որից հետո հրավեր ստացել Վրաստանում կայանալիք պարի միջազգային հրավառությանը, որին մասնակցում էին մեկ տասնյակից ավելի երկրներ։

«Ֆինանսավորում չլինելու պատճառով կանգնել էինք նոր մարտահրավերի առաջ։ Խմբի երեխաների ծնողները որոշակի գումար ներդրեցին, այնուհետև մեր սրտացավ հայրենակիցները սոցիալական ցանցերում տեղադրեցին հայտարարություններ, որ օգնեն մեզ, որպեսզի մասնակցենք պարի միջազգային մրցույթին։ Հավաքված գումարը բավականացրեց և մենք ընդունեցինք վրացական կողմի հրավերը, 9 հոգանոց թիմով եկանք Վրաստան՝ ներկայացնելով Հայաստանը»։

Պարուսույցն ասում է, որ մտավախություն ուներ կապված խմբի անվան հետ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիսատեսի շարքում էին։ 

«Վախենում էինք, որ կբոյկոտեին մեր ելույթը։ Ռիսկային էր երեխաների համար։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող անցավ։ Չնայած մեր հաջող ելույթին, չէինք մտածում, որ ամեն դեպքում մրցանակային տեղ կտրամադրեն։ Ներկայացրել ենք իսպանական ու մոդեռն պարեր։ Միջոցառման ավարտին ժյուրին երկար չմտածեց ու պատվավոր առաջին տեղը հայտարարեց՝ «Հայաստան․ «Արցախ» պարային համույթ»։ Դեռ շոկի մեջ էինք, ուրախությունից արտասվում էինք, երբ երկրորդ անգամ մեր անունը հնչեցրին, այս անգամ՝ Գրան պրի մրցանակի համար»,- ընդգծեց Լիլիթ Գրիգորյանը։ 

Կրկնակի հաղթանակով թիմը շուտով կվերադառնա Երևան: Իսկ Լիլիթը կշարունակի իր ոճային պարերն ուսուցանել ոչ միայն արցախցի երեխաներին։ 

«Հույս ունեմ, որ հարմարավետ պայմաններ ստեղծելուց հետո խումբը կընդլայնվի»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան