Ծեծում են՝ «հանուն» Փաշինյանի

Ծեծում են՝ «հանուն» Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն առաջին պաշտոնյան է, որ անընդմեջ հայտնվում է այս խորագրում: 

Պարեկնե՞ր, թե՞ հրոսակներ 

Միջադեպի կամ ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների մասին շաբաթ օրն առաջինն ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով, որ ահազանգ է ստացել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից մի քանի բնակիչների դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար, այդ ժամանակ վեճ է բռնվել տարեց քաղաքացու հետ: 

Դեպքը, ըստ ԶԼՄ-ների,  տեղի է ունեցել Վանաձորում, ուրբաթ օրը, ժամը 15:00-ի սահմաններում:

Ընդ որում, Պարեկային ծառայության աշխատակիցները ծեծել են ոչ միայն տարեց մարդուն, այլ նաև՝ նրա որդուն ու թոռանը. 16-ամյա տուժված քաղաքացին Ռաֆայել Ավետիսյանն է, իսկ հայրը՝ Վաղինակ Ավետիսյանը: 

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 

Փաստորեն, երկրում արդեն մարդ են ծեծում՝ «հանուն» Փաշինյանի: 

Երբ ժամանակին Փաշինյանն ընդդիմադիր թերթի խմբագիր էր կամ ընդդիմադիր պատգամավոր, անարգանքի սյունին էր գամում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ նրանց թիկնապահների գրեթե ցանկացած արարքի համար:

Հիմա փաստորեն Փաշինյանն ապացուցում է, որ իր հրապարակային խոսքը գրոշի արժեք չունի, նրա մեջ թաքնված է քողարկված բռնապետը:

Վահրամ Բագրատյան