Արցախի Կարմիր խաչը չի հերքում և չի հաստատում Լաչինի միջանցքի փակ լինելը

Ադրբեջանը շարունակում է հոգեբանական տեռորը Արցախի ու արցախահայության դեմ: Օրերս, ինչպես հայտնի է, Ադրբեջանը մի քանի ժամով վերականգնեց Արցախի գազամատակարարումը, սակայն այնուհետ կրկին արգելափակեց Հայաստանից Արցախը մտնող միակ գազատարը:
Սրան զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է տարածում Լարինի միջանցքում ապօրինի տեղակայած անցակետից՝ ցույց տալով, թե արցախահայությունն անխոչընդոտ տեղաշարժվում է և երբ ուզում է, գալիս-գնում է Հայաստան: Այս ամենի նպատակը մեկն է՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում է հայկական կողմը, չկան:
Եվ ահա հերթականը. ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, թե Լաչինի միջանցքը կրկին փակել են, քանի որ ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներում բացահայտվել են տարբեր ապրանքներ, որոնց տեղափոխումն արգելվում է։
Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության՝ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող մեքենաների միջոցով Լաչինի սահմանային անցակետով մաքսանենգության փաստերի հետ կապված՝ այդ անցակետի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է»։
MediaHub-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանի հետ: Սակայն վերջինս հարցին հստակ պատասխան չտվեց․
«Կարող եմ ասել, որ վերջին անգամ Լաչինի միջանցքով տեղաշարժվել ենք շաբաթ օրը»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք մեքենայում մաքսանենգ ապրանքներ են հայտաբերվել, Մուսայելյանը ասաց, որ այդ հարցին մի քանի ժամից կպատասխանի։
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի ջանասիրությունը, կարող ենք պնդել, որ գազամատակարարման արգելափակման հաջորդ արարը հենց սա է՝ նորից արգելել բուժառուների տեղափոխումը Արցախից մայր Հայաստան:
Լիաննա Թորոսյան