Անընդունելի է այսպիսի արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը

Անընդունելի է այսպիսի արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել MediaHub-ին՝ անդրադառնալով նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

-Պարոն Վարդանյան, Արցախում տիրող իրավիճակի ֆոնին նաև ներքաղաքական պայքար է սկսվել և նշվում է, որ այդ պայքարը Ձեր և Սամվել Բաբայանի միջև է։ Արդյո՞ք, Ձեր հանրահավաքները, նոր ծրագրեր առաջարկելը աթոռի համար է, հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանը պետնախարարի պաշտոնն է ցանկանում զբաղեցնել՝ առնվազն 100 օրով։

 -Ցավոք, դրսի ուժերի, Հայաստանի որոշ շրջանակների կողմից միտումնավոր փորձ է արվում ամեն կերպ ցույց տալ, թե իբր ներքաղաքական հակասություններ ու լարվածություն կա: Անկախ պաշտոն ունենալ-չունենալուց՝ ես շարունակելու եմ անել այն, ինչ կարող եմ ու պետք է անեմ Արցախի համար: Ոչ մեկի հետ ներսում ես չեմ պայաքարում, իմ կողմից «աթոռակռվի» մասին պատմությունները համարում եմ աբսուրդային և մտացածին: Ինձ համար պայքարը միայն մեկ ուղղություն ունի՝ պայքարել հանուն Արցախի անվտանգության և զարգացման: 

-Ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք ցանկանում եք վերադառնալ պետնախարարի պաշտոնին և Ձեր և Սամվել Բաբայանի միջև լարվածություն է ստեղծվել։ 

- Ես ո՛չ լարվածություն, ո՛չ էլ կոնֆլիկտ չունեմ որևէ մեկի հետ: Դրանք, ինչպես ասացի, հորինված պատմություններ են, որոնք միտումնավոր տարածվում են հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու, մեր առջև կանգնած ամենահիմնական՝ Արցախի ապագային ու ճակատագրին վերաբերող խնդրից ուշադրությունը շեղելու համար: 

- Արդյո՞ք հիմա ժամանակն է ներքաղաքական ինտրիգներին առաջնահերթություն տալու համար։

 -Կարծում եմ՝ առաջին երկու հարցերի պատասխանից պարզ է այս հարցի պատասխանը: 

- Նախագահ Արայիկ Հարությունյանը մոտ օրերս կպատասխանի Սամվել Բաբայանի և նրա աջակիցների պահանջին։ Ի՞նչ եք ակնկալում։ 

-Դա նախագահի լիազորության դաշտում է, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել: 

- Խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը հերթական սադրանքին է պատրաստվում Արցախի ուղղությամբ, կա՞ նման վտանգ։ 

-Նման վտանգը ու ճնշումը շարունակական է: Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը տեղեկատվական «հիմք է» պատրաստում նման քայլերի համար: Այդ ամենը միայն հաստատում է այն մոտեցումը, որ մենք պետք է մեր ողջ ջանքերն ու ներուժը կենտրոնացնենք մեր հիմնական մարտահրավերին դիմակայելու վրա, ոչ թե դատարկ, մեզ հիմնական օրակարգից շեղող մանիպուլյացաներին տուրք տանք, այլ ամեն ինչ անենք, որ Ադրբեջանն իր ծրագրերը չկարողանա իրականացնել: 

-ԱԺ նախագահը պահանջում է ԱՀ նախագահի հրաժարականը։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Սահմանադրությունը չի փոխվել, այսինքն, պետք է խորհրդարանը լուծարվի։ Սրա ժամանա՞կն է։ 

-Երբ դեռ հունվարին հանկարծ օրակարգ բերվեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների և նախագահի հրաժարականի թեման, ես այն ժամանակ ասացի, որ անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը և բոլորիս ջանքերը պետք է կրկնապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Երեկ ԱԺ նախագահի տարածած հայատարությանը նույն պատասխանն եմ տալու՝ Արցախի համար նման օրհասական իրավիճակում անընդունելի եմ համարում արհեստական ձևավորված օրակարգի քննարկումը, որն անհաջող փորձ է արվում ներկայացնել իբր համաժողովրդական պահանջ: Այս իրավիճակում, երբ Արցախի ապագայի ու ճակատագրի հարցն է դրված, այստեղ՝ Արցախում, անընդունելի է այսպիսի արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելը: Մենք հիմա միայն մի բան կարող ենք ու պետք է անենք՝ կենտրոնացնենք մեր ուժերը Արցախը պաշտպանելու համար:

Լիաննա Թորոսյան