Մի աղջիկ սկսեց բղավել հեռախոսի մեջ, թե՝ «իմ պատճառով մարդ մահացավ, ես եմ մեղավոր»․․․ խարդախության նոր մեխանիզմ

Չնայած իրավապահ մարմինների պարբերաբար զգուշացումներին ու հայտարարություններին, ՀՀ քաղաքացիների նկատմամբ օտարերկրացիների կողմից հեռախոսային արշավը՝ խարդախության տեսքով շարունակվում է։
«Սա գումար շորթելու նոր ձև է»,- ասում է MediaHub-ի զրուցակից երևանաբնակ Հելենա Մելքոնյանը։ Հերթական զանգը ստացել է իր հարևանի ընտանիքը։
«Երկու օր առաջ մեր տարեց հարևաններ՝ Բորյայի և Իրայի քաղաքային հեռախոսահամարին են զանգել, որին պատասխանել է ձյաձ Բորյան։ Իրենք երկուսով են ապրում՝ ծեր, թոշակառու մարդիկ են, մի դուստր ունեն Մոսկվայում է ապրում։ Երբ Բորյան վերցրել է հեռախոսը, մի աղջիկ սկսել է բղավել հեռախոսի մեջ, թե՝ «իմ պատճառով մարդ մահացավ, ես եմ մեղավոր, ամեն ինչ վատ ա, կյանքս ավարտվեց» ու շարունակ բղավում էր»,- պատմում է նա։
Հելենայի խոսքով՝ տարեց տղամարդը վախեցել է, սիրտը վատացել, որից հետո խոսակցությունը շարունակել է կինը։
«Իրայի հետ ինչ որ մի տղամարդ է շարունակել խոսակցությունը, ներկայանալով, թե իբր իրավաբան է։ Նա հարևանուհուս ասել է՝ «ձեր աղջկա գործը ոստիկանությունում փակելու և նրան ազատ արձակելու համար անհրաժեշտ է 15 հազար դոլար»։ Իրան ասել է՝ «թոշակառու կին եմ, ինձ որտեղի՞ց էդքան գումար», այդ ենթադրյալ իրավաբանն ասել է՝ «ունեցվածքդ վաճառիր, գումարն ուղարկիր»»,- պատմում է Հելենան։
Կինը կասկածելով, որ ինչ որ բան այն չէ, զուգահեռ բջջային հեռախոսով զանգել է մոսկվաբնակ դստերն ու պարզել, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է և որ նա որևէ կապ չունի այդ «ահազանգի» հետ։
«Հասկանո՞ւմ եք խարդախություն է, որից շատ հավանական է, որ մարդիկ կարող են ինֆարկտ ստանան: Էս ի՞նչ խայտառակություն է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ վերջին օրերին բազմաթիվ երևանցիներ նմանատիպ հեռախոսազանգեր են ստանում՝ քաղաքային հեռախոսահամարներին: Խարդախները ներկայանում են իրավաբան, ոստիկան, բժիշկ և այլն, իսկ սխեման նույնն է՝ ձեր ազգակիցը՝ որդին, դուստրը, ամուսինը, եղբայրը և այլն, հայտնվել են ինչ-որ վատ իրավիճակում, որը շտապ լուծում է պահանջում դրամական խոշոր փոխանցման դիմաց: Խարդախները խաղում են մարդկանց էմոցիաների վրա՝ բղավում, լացում, գոռում, ավելորդ աղմուկ անում, որն էլ, ինչպես նշում են հոգեբանները, մարդկանց մոտ տագնապ են առաջացնում և մարդիկ պահի տակ կորցնում են ռացիոնալ մտածելու ունակությունը: Հետևապես, պետք է զգոն լիներ, իրավապահները հորդորում են զսպել էմոցիաները, անգամ ամենավատ լուրը լսելիս չխառնվել իրար, փորձել զուգահեռաբար ճշտել ստացած տեղեկության իսկությունը:
Հունան Թադևոսյան