Տարեմուտի հրամայականը՝ ամեն գնով դիմադրել թյուրքական էքսպանսիոնիզմին

Տարեմուտի հրամայականը՝ ամեն գնով դիմադրել թյուրքական էքսպանսիոնիզմին

Հայ ժողովրդի մոտալուտ Ամանորն առաջինը շտապեցին «շնորհավորել» հարևան Թուրքիայից՝ այդ երկրի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շուրթերով Հայաստանին մի խոստում-սպառնալիք հղելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը մեզ վրա «շռնդալից ազդեցություն» կարող է ունենալ։

Ի հակադրություն պաշտոնական Անկարայի նեոօսմանական քաղաքականության՝ հայաստանյան դրածո վարչախմբի պետական մոտեցումը, եթե այն կարելի է պետական անվանել, թուրքական բոլոր նախապայմանների անվերապահ բավարարումն է՝ անունը դնելով «առանց նախապայմանների երկխոսություն»։ Ո՛չ նախապատերազմյան, ո՛չ էլ առավել ևս հետպատերազմյան փուլում Թուրքիայի նկատմամբ հոդաբաշխ, հիմնավորված և արդարացի մոտեցում և ռազմավարություն չկա, գերակա է անթաքույց պարտվողականությունն ու զիջողականությունը։

Փաշինյանի վարչախումբը, Բաքվի հետ հարաբերությունների պես, Անկարայի հետ ձնհալի հարցում ևս որդեգրել է խորապես ապազգային կեցվածք՝ թուրքերի հետ երկխոսելով հայ ժողովրդի, Հայաստան պետության Անկախության հռչակագրով սահմանված բոլոր անսակարկ արժեքների և կարմիր գծերի թեմայով։ Մի առիթով նա ասել է, թե դժվար է փորփրել և գտնել հայ և թուրք ժողովուրդների թշնամանքի սկզբնապատճառը։ Դե իհարկե, դա հո Հայոց ցեղասպանությունը չէ՞, որի հրապարակային ուրացմամբ է նա զբաղված։ Եթե ազգությամբ հայ Ժիրայր Լիպարիտյանի փոխարեն կարդար ազգությամբ թուրք Թաներ Աքչամի վերջին՝ «Ամոթալի արարք։ Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության խնդիրը» ստվարածավալ աշխատությունը, միգուցե և մի բան սովորեր։

Փոխարենը սրանք տեղ են տալիս Կարո Փայլանի պես հայազգի գործիչներին, որոնք տարբեր սին փաթեթավորումներով ամրապնդում են թուրքական քարոզչական թեզերը։ Նույն Փայլանն, օրինակ, Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո պնդում էր, թե երրորդ երկրներն իրավունք չունեն միջամտելու հայ և թուրք ժողովուրդների գործերին։ Ամեն անգամ նման ուղերձներ է հղում նաև Պոլսո Հայոց պատրիարքությունը՝ սատար կանգնելով Էրդողանի ռեժիմի քայլերին։

Սկսած 19-րդ դարավերջից Օսմանյան կայսրությունում իշխած բոլոր ռեժիմներից՝ առայսօր, որքան էլ իշխանություններ ու վարչակարգեր փոխվեն, Հայկական հարցի, Հայոց մեծ եղեռնի իրականացման, ապա դրա ժխտողականության հարցում թուրքական պետության և հասարակության մոտեցումները համադրված են ու համերաշխ։ Թուրքիայում չկան հայերի հանդեպ չափավոր տրամադրված ուժեր։ Դա է վկայում անգամ այն փաստը, որ 2021-ին Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտեցին Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր քրդամետ կուսակցությունները, որոնք իբր ավելի լոյալ են հայերի հանդեպ։

ԱՄՆ-ի կողմից Մեծ եղեռնի ճանաչումից հետո առավել արմատական ուժերը՝ Դողու Փերինչեքը, Դևլեթ Բահչելին առաջարկում էին ՆԱՏՕ-յի ռազմաբազան վտարել Թուրքիայի տարածքից, «Ինջիրլիք» ավիացիոն հենակետը տեղակայել ընդհուպ Թուրքիայի կողմից թշնամաբար ընկալվող Հունաստանի կղզիներից մեկում։ Էրդողանի խոսնակ Քալընը կոկորդ էր պատռում, թե այդ ճանաչումը չի կարող իրավական հետևանքներ առաջացնել ԱՄՆ-ում կամ Թուրքիայում։ Անկարայի վախն ու հակազդեցությունն իրոք որ ապշեցուցիչ էին, քանի որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրապես կարող էր արձագանք գտնել այլ երկրներում։ Բայց չգտավ, քանի որ մեկ Էրդողանի Թուրքիան, մեկ էլ Փաշինյանի Հայաստանը կանգնեցրին ճանաչման՝ նոր թափ առած շարժումը։

Մինչդեռ ամերիկյան ճանաչմանն իրավական հետևանքներ, Հայոց ցեղասպանության պահանջատիրություն իրապես կարող էին հաջորդել։ Նահանգներում մի շարք մասնավոր դատական հայցեր են ներկայացված, որոնք կարող էին ապասառեցվել և վերաբացվել դաշնային մակարդակում Մեծ եղեռնը ճանաչելուց հետո։ ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատն ու նախագահը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հայկական լոբբին պետական աջակցության դեպքում կարող էր հասնել փոխհատուցման պարտադրման։ Բայց Փաշինյանի համար առավել թանկ են Թուրքիայի հետ իր ջերմ հարաբերությունները։ Բացառապես հայ ժողովրդի հավաքական իմաստնությունից է կախված՝ ի՞նչն առավել կարևոր կլինի 2023-ին՝ պատմական հիշողությո՞ւնը, թե՞ թշնամու «մի փոր կուշտ հացը»։ 

Դավիթ Սարգսյան