ՔՊ-ն չունի Հայաստանն ու Արցախը պաշտպանելու ռազմավարություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. մի քանի օր է ՊՆ խոսնակը հաղորդում է այս մասին:
Հայ-ադրբեջանական սահմանին անդորր է նոր աղետի նախաշեմին: ՔՊ-ականները ոչինչ չեն անելու սահմաններն ամրապնդելու համար՝ կրկին սլաքներն ուղղելով կամ ՌԴ-ի կողմ, կամ «Ամերիկան մեզ կփրկի» նոր թեզ շրջանառելով: Նենսի Փելոսին, պարզվեց, մի քանի ինքնաթիռ զենք չի բերել և չի բերելու երբեք հայոց բանակի համար:
Այս պարագայում հայոց բանակի միակ հույսը պետք է լինի սեփական իշխանություններին ապավինելը, սակայն ՔՊ-ն չունի քաղաքական կամք, անգամ ֆինանսական ռեսուրսների պարագայում, բանակը հզորացնելու համար: «Խաղաղության դարաշրջան» հայասպան թեզը կյանքի է կոչվելու ամեն գնով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները պետք է բացվեն, ինչը ձեռնտու է Թուրքիային, ՌԴ-ին, Ադրբեջանին, սակայն ոչ Հայաստանին:
Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Նախիջևանում թուրք-ադրբեջանական մեծ զորախումբ է տեղակայված, որը պատրաստվում է կտրել Սյունիքն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացել ռազմական ճանապարհով: Փաշինյանը խճճվել է իր խոստումների մեջ՝ Արևմուտքին մի բան է խոստանում, ՌԴ-ին՝ մեկ այլ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջում է Զանգեզուրյան միջանցք:
Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորն ու Տավուշը լինելու են Բաքվի հաջորդ թիրախները, և ի՞նչ են անում ՔՊ-ականները, բացի պոպուլիստական հայտարարություններից, հայոց բանակն ամրապնդելու համար: ՔՊ-ին ընտրած ՀՀ հպարտ քաղաքացիները, ովքեր որդիներ են կորցնում, այդ հարցը պետք է ուղղեն ՔՊ-ական պատգամավորներին:
Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև՝ թե՛ ներքին՝ ՔՊ-ի դիլետանտական կառավարման արդյունքում, թե՛ արտաքին՝ թուրք-ադրբեջանական միացյալ նոր հարվածի տեսքով:
Վահրամ Բագրատյան