Փաշինյանի համար ընդունելի է, որ հայ գերիները ահաբեկիչներ են․ հայտարարության մեջ ռազմագերիների մասին խոսվում է «պահվող անձիք» բառակապակցությամբ․ Գառնիկ Դավթյան

Փաշինյանի համար ընդունելի է, որ հայ գերիները ահաբեկիչներ են․ հայտարարության մեջ ռազմագերիների մասին խոսվում է «պահվող անձիք» բառակապակցությամբ․ Գառնիկ Դավթյան

Հայտարարության մեջ ռազմագերիների մասին խոսվում է «պահվող անձիք» բառակապակցությամբ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմանալ էլ չի եղել և ընդունել է Ադրբեջանի այն դիրքորոշումը, թե հայ գերիները ահաբեկիչներ են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով ապրիլի 6-ին կայացած եռակողմ հանդիման մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտարարեցին, թե մինչև ապրիլի վերջ կստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով։ «Կարծում եմ, որ եթե սա չկատարվի, ապա ադրբեջանական կողմը կփորձի ռազմական ուժով ստիպել, որ Հայաստանը գնա հանձնաժողովի ստեղծմանը։

Հանդիպման բուն հայտարարությունը հստակ կետեր ուներ, լղոզված չէր, սա հնարավոր է բաժանել կետերի ու ստանալ կոնկրետ համաձայնագիր։ Ամեն դեպքում, դելիմիտացիան ռուսական վերահսկողության տակ է իրականանալու, քանի որ Եվրոմիությունը չէ, որ Հարավային Կովկասում պիտի գլխավոր դերում լինի»,- շեշտեց նա։ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ այս հանդիպումից հայանպաստ հայտարարություններ և գործողություններ սպասել պետք չէր, քանի որ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում երբեք և ոչ մի դեպքում չի կարող լինել հայկական օրակարգ և դրա վառ ապացույցը մինչև այս եղած բոլոր գործընթացներն են՝ պատերազմ, բանակցային գործընթացներ, որոնք միշտ ձախողվում են։ Ադրբեջանագետը նկատեց նաև, որ Արցախի հետագա կարգավիճակի մասով նույնիսկ ակնարկ չկար։

«Չկար այն պնդումը, որ դելիմիտացիան և դեմարկացիան կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ։ Գոնե, սա պետք է ընդգծեր, որովհետև մեր իշխանականներն էլ էին նույնը պնդում և ասում, որ սա առանձին խնդիր է»։

Դավթյանը հատկանշական համարեց նաև Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, որ Կրեմլը դրական է գնահատում խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ Բրյուսելում կայացրած որոշումը, սակայն նշել էր, որ սա շատ և շատ երկարատև գործընթաց է։

«Իրակնում, այո, շտապել պետք չէ, որովհետև դա բարդ պրոցես է, դրա մեջ ներառվում են տարատեսակ խնդիրներ, որոնք չպետք է բխեն միայն Ադրբեջանի ցանկություններից»։

Դիտարկմանը, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումը որակել էր «գերազանց և շատ արդյունավետ», սակայն, ըստ էության, հայկական կողմի համար դրական շարժ այդպես էլ չի նկատվում՝ բանախոսը պատասխանեց՝ առաջին անգամը չէ, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները համընկնում են և տպավորություն է ստեղծում, որ հայկական կողմը ևս բավարարված է բանակցությունների արդյունքից։

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր համար ընդունելի են 5 կետերը, վերամշակել են և հետ ուղարկել, սակայն այդպես էլ չնշեց, թե որ կետերն են վերամշակվել և ինչ դրույթներով։ Հետո, հակական կողմը անըդնհատ խոսել է զորքերի հայելային հետքաշման մասին, սակայն քաղաքական ապտակ է ստացել Ալիևից, որ նման բան հնարավոր չէ, քանի որ «իրենք գտնվում են իրենց հողերում» և, իհարկե, զարմանալի չէ, որ Շառլ Միշելն ուղղակիորեն պիտի խոսեր և անհանգստանար Հայաստանի, Արցախի ապագայի կամ ռազմագերիների համար»,-ընդգծեց նա և հավելեց՝ Շառլ Միշելը չէր կարող ներկայացնել նաև, որ ադրբեջանական կողմը կրակում է, սահմանում հայեր են զոհվում, քանի որ, առաջին հերթին, այս ամենը հայակական կողմի օրակարգում չկա կամ միայն ընդդիմադիրներն են խոսում։

Փորձագետը հասկանալի համարեց նաև Եվրոխորհուրդի այն շահերը, որոնք Ադրբեջանը պիտի ապահովի։ Հարցին, թե ինչո՞վ կարող ենք արդարացնել այն փաստը, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի տարածած հայտարարության մեջ նույնիսկ Արցախ բառը չկա, Գառնիկ Դավթյանն արձագանքեց՝ նորություն չէ, որ կապիտուլացիոն ակտ ստորագրած իշխանության համար Արցախը երբեք օրակարգային խնդիր չի եղել, այլ եղել է պարզապես պոպուլիստական հայտարարությունների փաթեթ։

Խոսելով վերջին հանդիպման ռիսկերի մասին՝ ադրբեջանագետն ընդգծեց, որ թշնամին երբեք չի հրաժարվելու իր ձեռագրից և եթե սպառնալիքի տեսքով չստանան իրենց ցանկալի արդյունքը, ապա գործի կդնեն «թուրքական յաթաղանը»։

«Փաշինյանը չի կարող բանակցությունների ընթացքում որևէ կերպ հայկական շահ կամ դիրք առաջ քաշել, քանի որ պատերազմի արդյունքում և պատերազմից բխող հետևանքների պատասխանատուն ինքն է։ Նիկոլ Փաշինյանը զրոյական կետից էր սկսել բանակցությունները և վստահ էր, որ դրանում հաջողությունների կհասնի, սակայն այդ բանակցությունները հանգեցրին նրան, որ նույնիսկ միջազգային հանրության ու Ադրբեջանի «բերանը լեզու դրեց», որպեսզի վերջիններս պնդեն, որ Փաշինյանի ընդունած օրակարգը ձախողվել է և պետք է ենթարկվի հաղթող կողմի օրակարգին՝ Արցախից հրաժարում և այլն»,-ասաց ադրբեջանագետը։

Լիաննա Թորոսյան