Ընդդիմության ռևանշը՝ 2023 թ. ընտրություններից հետո. ո՞վ կհաղթի Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրություններում

Ընդդիմության ռևանշը՝ 2023 թ. ընտրություններից հետո. ո՞վ կհաղթի Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Սա առաջին մեծածավալ ընտրությունն է նախորդ տարվա նախագահական ընտրարշավից հետո։

Ընտրություններին մասնակցում է 36 կուսակցություն: Ընտրությունները, մասնավորապես, կփորձարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի ամրությունն երկրում։

Այս ընտրություններով թուրքական ընդդիմությունը հույս ունի ռևանշի հասնել 2023 թվականի անհաջողության համար՝ նախևառաջ պահպանելով երկրի խոշորագույն երկու քաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի վերահսկողությունը։

Նշենք, որ Ստամբուլում միմյանց դեմ են պայքարում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Կուրումը։ 

Ի՞նչ արդյունքներ կունենան այս ընտրությունները, ի՞նչ փոփոխությունների կհանգեցնեն և ինչպե՞ս կանդրադառնան հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի վրա. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ: 

«Այսօր Թուրքիայում անցկացվող ՏԻՄ ընտրությունները կարևոր են այն հանգամանքով, որ դրանք, այսպես ասած, յուրահատուկ նախապատրաստական փուլ են  2028 թվականի նախագահական ընտրությունների համար: Այսինքն, եթե դիտարկենք ընդդիմության տեսանկյունից, ապա նրանք կարծես թե վերջին շանսերն են օգտագործում, մասնավորապես կապված որոշ առաջնորդների հետ, ովքեր պետք է ներկայացնեն թեկնածություն արդեն հաջորդ նախագահական ընտրություններին»,- ասաց նա:

Թուրքագետը հստակեցրեց, որ խոսքը վերաբերվում է Էքրեմ Իմամօղլուին, որը եթե ընտրվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում այս անգամ էլ, ապա  ամենալուրջ թեկնածուն կհանդիսանա արդեն 2028 թվականի նախագահական ընտրություններում: 

Նա նաև հավելեց, որ կան որոշակի քննարկումներ էլ Անկարայի ընդդիմադիր թեկնածուի հետ կապված՝ Մանսուր Յավաշի, որը նույնպես կարող է հավակնել, բայց շեշտն ավելի շատ դրվում է հենց Իմամօղլուի թեկնածության վրա: 

«Քանի որ, եթե նա չհաղթի Ստամբուլում, ապա կարելի է համարել նրա քաղաքական ուղին փակված և նա չի հավակնի նախագահի պաշտոնում առաջադրվելուն: Սա է ամենակարևոր հարցը թե՛ իշխանության,  թե՛ ընդդիմության համար:  

Դրանով է պայմանավորված, որ երկու կողմերն էլ իրենց ամբողջ ուժերը կենտրոնացրել են հենց այս երկու խոշոր քաղաքների վրա, որովհետև որ քաղաքական ուժը կհասնի հաղթանակի, նա էլ հաջորդը նախագահական ընտրություններում կունենա ռեալ շանսեր հաղթելու»,- եզրափակեց թուրքագետը:

Փաստենք, որ ընտրություններն այնքան էլ հանգիստ չեն անցնում: Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության հետ կապված միջադեպերի հետևանքով արդեն երկու մարդ է մահացել։ 

 

Հովհաննիսյան Ռեբեկա