Twitter-ը դատական հայց է ներկայացրել Հնդկաստանի կառավարության դեմ

Twitter-ը դատական հայց է ներկայացրել Հնդկաստանի կառավարության դեմ՝ մերժելով իր հարթակի բովանդակության գրաքննության մասին հրամանները:
Կառավարության դեմ Կարնատակա նահանգի Բարձր դատարան ներկայացված հայցում Twitter Inc.-ը նշվում է որպես հայցվոր:
Սոցցանցերի հսկայի դատական հայցը ենթադրում է պաշտոնյաների կողմից լիազորությունների չարաշահում:
Հնդկաստանի տեղեկատվության եւ տեխնոլոգիաների նախարարությունը սոցիալական ցանցի հարթակին խնդրել է հեռացնել մի քանի հաշիվներ եւ թվիթներ, որոնք չեն համապատասխանում նոր օրենքներին, որոնք թույլ են տալիս կառավարությանը արգելափակել բովանդակության հասանելիությունը՝ ելնելով ազգային անվտանգության շահերից:
Վերջերս կառավարությունը ամերիկյան ընկերությունից պահանջել է հեռացնել հնդիկ լրագրողուհի Ռանա Այուբի թվիթները, որոնք քննադատում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ նրա կառավարությանը։
Twitter-ը նաեւ ծանուցում է ուղարկել հնդիկ լրագրող Մոհամմեդ Զուբաիրին, որը վերջերս ձերբակալվել էր իր թվիթների համար, եւ հայտնել է, որ Հնդկաստանի կառավարությունը ծանուցում է ուղարկել, որ նրա հաշիվը խախտում է երկրի օրենքները։
Մոդիի կառավարության հակառակորդները նրա վարչակազմին մեղադրում են այլախոհությունն ու քննադատությունը խեղդելու համար հնդկական օրենքներն օգտագործելու մեջ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնոուն հայտարարել է, որ կարեւոր է սոցիալական ցանցերի ընկերություններին «պատասխանատվության ենթարկել», եւ նրանք պետք է «ինքնակարգավորեն վնասակար» բովանդակությունը:
Նախարարը հավելել է, որ «լինի դա որեւէ ընկերություն որեւէ ոլորտում, նա պետք է պահպանի Հնդկաստանի օրենքները: Յուրաքանչյուրը պարտավոր է ենթարկվել խորհրդարանի ընդունած օրենքներին»։
Անցյալ տարի Twitter-ը Մոդիի վարչակազմի հրահանգով արգելափակել էր ավելի քան 500 հաշիվ, բայց ի վերջո վերականգնել է դրանք հանրային բողոքից հետո: