Գերմանիան կսահմանափակի էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով գազի օգտագործումը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը կիրակի օրը հայտարարել է, որ երկիրը կսահմանափակի էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով գազի օգտագործումը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից հումքի մատակարարումների կրճատման պատճառով հնարավոր դեֆիցիտի մտավախությամբ, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:
Գերմանիան փորձում է ձմռանն ընդառաջ լցնել գազի պահեստարանները, քանի որ այդ ժամանակ, ջեռուցման նպատակով, աճում է պահանջարկը:
Հաբեկը նշել է, որ էլեկտրաէներգիայի ստացման համար գազը կփոխարինվի ածխով, ինչի այրումն ավելի աղտոտող է՝ շեշտելով, որ այս իրավիճակում այդ քայլը պարզապես անհրաժեշտություն է:
Թեեւ գազի մատակարարման շուկայում իրավիճակը վատ է, այնուամենայնիվ, դեռեւս հնարավոր է այլ երկրներից գնումներ կատարելու հաշվին լրացնել ռուսական գազի պակասը, սակայն իրավիճակը լուրջ է: Անցյալ շաբաթ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել էր «Հյուսիսային հոսք 1» գազատարով մատակարարումների կրճատման մասին՝ տեխնիկական մի շարք պատճառներ բերելով: Սակայն Հաբեկի խոսքով՝ այս քայլը քաղաքական դրդապատճառներ է ունեցել: