Կկատարի՞ իր խոստումը նորընտիր նախագահը

Կկատարի՞ իր խոստումը նորընտիր նախագահը

Վահագն Խաչատրյանը 71 կողմ ձայնով ընտրվեց ՀՀ 5-րդ նախագահ: Խաչատրյանը նախագահ դարձավ խորհրդարանական երկրորդ քվեարկության արդյունքում՝ բացառապես ՔՊ խմբակցության ձայներով, ընդդիմադիր պատգամավորների բացակայության համատեքստում

«ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, և ես պատրաստվում եմ այդպես էլ լինել և այդ դերում հանդես գալ։ Ինձ համար ոչ մի խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է նորընտիր նախագահը։

Վահագն Խաչատրյանը միանգամայն ճիշտ է, սակայն կարո՞ղ է նա կատարել այդ առաքելությունը։
Մինչև հիմա տեղի ունեցած փաստերը խոսում եմ հակառակի մասին։

Խաչատրյանը նախագահ է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ ու ՔՊ պատգամավորների քվեարկությամբ։ Նախընտրական շրջանում նա չի էլ փորձել ստանալ ընդդիմադիր խմբակցությունների աջակցությունը, չի հանդիպել նրանց հետ, չի համոզել, որ ունի համազգային նշանակության համախմբող ծրագրեր։ Ո՞րն է երաշխիքը, որ նոր նախագահն արդեն պաշտոնավարման ժամանակ ավելի բաց է լինելու երկխոսության համար։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վահագն Խաչատրյանը պետք է ապահովի «քաղաքական ներդաշնակություն»՝ նախագահի ինստիտուտի, կառավարության և խորհրդարանի միջև։

Եթե բացենք վարչապետի ձևակերպումը, նշանակում է, որ Վահագն Խաչատրյանը պետք է մնա քաղաքական գծի շրջանակներում և, ըստ էության՝ նպաստի իշխանության կենտրոնացմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի ծրագրերի իրականացմանը։

Սա նույնպես նշանակում է, որ Խաչատրյանը մաքսիմում կարող է կատարել իր թիմի քաղաքական «առաքելությունը», որը ոչ մի կապ չունի համազգային խնդիրների հետ։

Սա այն դեպքն է, որ կուզենանք սխալվել, մանավանդ, որ նախագահը նոր է ու չենք էլ ցանկանում նրա պաշտոնամուտը դիմավորել կանխատրամադրվածությամբ։

Վահրամ Բագրատյան