ՀՖՖ, աո ՜ւ․ 2 շաբաթից Հայաստան–Վրաստան խաղն է, տոմսերն ո՞ւր են

2 շաբաթից՝ մարտի 20-ին Երևանում տեղի կունենա Հայաստան–Վրաստան ֆուտբոլային հանդիպումը:
Հիշեցնենք, Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ:
Հայաստան–Վրաստան խաղին անհամբեր սպասում են թե՛ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուները, թե՛ Վրաստանից ժամանող երկրպագուները: Բազմաթիվ հայ երկրպագուներ պատրաստվում են մեկնել Թբիլիսի՝ մեր ֆուտբոլիստներին երկրպագելու և ոգեշնչելու։
Ու թեև ընդամենը երկու շաբաթ ժամանակ է մնացել, սակայն տոմսերի վաճառքից որևէ նորություն չկա: Ամբողջ համացանցը ողողված է անհանգստացած երկրպագուների ահազանգերով, որ մնացել է 2 շաբաթ, իսկ տոմսերի վաճառքը ո՛չ սկսվել է, ո՛չ էլ հայտարարություն կա ՀՖՖ–ի կողմից, թե ե՞րբ կմեկնարկի։ Եվ եթե հայ երկրպագուներն արդեն տոմսերը գնել են, որ Թբիլիսիում մասնակցեն պատասխան հանդիպմանը, ապա մենք, ինչպես միշտ, «էշի ականջում քնած ենք»։
Մինչդեռ, MediaHub–ի աղբյուրները Վրաստանից հայտնում են, որ վրացի երկրպագուների համար Հայաստան–Վրաստան խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է դեռ մեկ շաբաթ առաջ, տոմսերը մեկ օրում ամբողջությամբ սպառվել են։ Մեզ փոխանցեցին, որ ավելի քան 2500 վրացի երկրպագու պատրաստվում է ներկա գտնվել Հայաստան–Վրաստան երևանյան խաղին։
MediaHub–ը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հասկանալու, թե ե՞րբ են մեզ մոտ էլ մեկնարկելու հանդիպման տոմսերը: Սակայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն։
Նշենք, որ դեռ հունվարին MediaHub–ին ՀՖՖ–ից հայտնել էին, որ տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի մեջ, նաև նշել էին, որ փետրվարին, երբ բացվի տոմսերի վաճառքը, դրանք կկարողանան ձեռք բերել նաև վրացի երկրպագուները: Սակայն, ինչպես տեսնում ենք, փետրվարին հայ երկրպագուներին նման հնարավորություն չընձեռվեց, և պարզ էլ չէ, թե երբ կընձեռնվի, մինչդեռ խաղին մնացել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ:
Եվ սա հերթական ապացույցն է, որ ՀՖՖ ղեկավարությունն իր տեղում չէ, չի տիրապետում իրավիճակին և ոլորտը հասցրել է բարձիթողի վիճակի ու անգամ տարրական տոմսերի վաճառք իրականացնել չի կարողանում: Մի խոսքով՝ խայտառակություն:
Մարիաննա Արամյան