Այո՛, իհարկե խաղաղությունը հնարավոր է, բայց․․․ Փաշինյան
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին խնդրեց հնչեցնել տարածաշրջանում իրադրության վերաբերյալ իր՝ ռազմավարական գնահատականը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելու համար պետք է արձանագրել, որ միջազգային ռազմավարական իրադրությունն իր ուղիղ ազդեցությունն ունի։ Իհարկե, ըստ Փաշինյանի, հակառակը ևս կա։
«Մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք անվտանգային լրացուցիչ մարտահրավերների։ Այսինքն, այն համակարգը, որն իսկզբանե պիտի ապահովեր անվտանգություն և կայունություն մեր տարածաշրջանում, բավարար արդյունավետությամբ չի գործում։ Մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել։ Անվտանգային ճարտարապետությանը նոր կոմպոնենտներ պետք է ավելացնել։ Բայց փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգություն կապահովի»,- նշեց նա։
Իսկ ո՞վ կամ ի՞նչը կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։ Ըստ Փաշինյանի, միանշանակ է՝ համապարփակ խաղաղությունը։
«Սա շատ կարևոր է։ Եթե ապահովողն ինչ-որ մեկը լինի, ապա անվտանգային սպառնալիքն ավելի մեծ կլինի։ Խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը»,- նկատեց նա։
Իսկ իրատեսակա՞ն է խաղաղությունը. «Այո՛, իհարկե խաղաղությունը հնարավոր է»,- սա է Փաշինյանի պատասխանը։
Բայց նաև, Փաշինյանի խոսքով, պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղության հասնել։
«Ակնհայտ է, որ մենք քաղաքական կամք ունենք՝ հասնելու խաղաղության, խնդիրը հետևյալն է՝ ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի համար։ Այո՛, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ ժողովրդի համար, և կարող է լինել տարբերակ, երբ այդ պարամետրերն ընդունելի չլինեն։ Հետևաբար, մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել ու մոտեցնել իրար»,- մանրամասնեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։