Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախից 220 աճյուն է տեղափոխվել ՀՀ, այդ թվում՝ պայթյունից զոհերինը

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների տարհանմանը, նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։ Հայտնել է «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեն։
Կազմակերպությունը հայտնել է, որ 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։
«Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին: 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում բնակվւց իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։ 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։