ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ․ Գրիգորյան

Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ։ ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Բրյուսելում ուրբաթ օրը տեղի էր ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոնի դեր Լայենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իր առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Այսօր գրեթե բոլոր երկրները նման տնտեսական քաղաքականություն են վարում։ Եվ դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյո՞ք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս միությունից։