Հայաստանյան կամ արտասահմանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողների տեղափոխումը կապահովենք․ Արցախի ԿԳՄՍ նախարար 

Հայաստանյան կամ արտասահմանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողների տեղափոխումը կապահովենք․ Արցախի ԿԳՄՍ նախարար 

207 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է և այս ճգնաժամային իրավիճակում թիրախավորվում է նաև կրթական համակարգը։ Տևական ժամանակ երեխաները դպրոց չէին հաճախում, սակայն խնդիրը հաջողվեց լուծել։

Ամիսներ անց աշակերտները, ուսանողները պետք է կրկին ուսումնական հաստատություններ այցելեն։ 

MediaHub-ը Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատկեր է հիմա հայկական երկրորդ պետության կրթական ոլորտում և մինչև սեպտեմբեր շրջափակումը շարունակվելու դեպքում ինչպե՞ս պետք է գործի նախարարությունը։

«Դպրոցներում, բուհերում սեպտեմբերի 1-ից դասապրոցեսները սկսվելու են, լուծելու ենք բոլոր խոչընդոտները։ Այն շրջանավարտները, որոնք ընդունվել են հայաստանյան կամ արտասահմանյան բուհեր, հուսով ենք՝ տեղափոխման խնդիր չեն ունենա, մենք կապահովենք նրանց տեղափոխումը»,-ասաց նա։

Մկրտչյանի խոսքով՝ այն ուսանողները, որոնք ավարտել են իրենց ուսումնառությունը ՀՀ-ում կամ արտասահմանում և ուզում են Արցախ վերադառնալ, աշխատելու են նաև այս ուղղությամբ։

«Մեր շրջանավարտները դեռ Ստեփանակերտում են, մենք միասնական քննությունները երկրորդ փուլով ենք անցկացնում, ամսի 9-ին է ավարտվելու, որից հետո մինչև ամսի 15-ը վերջնական ուցակ կունենանք»,-նշեց նախարարը։

Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու դասապրոցեսների բնականոն ընթացքը գազի, էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում, վերջինս պատասխանեց․

«Կարծում եմ, այս հարցերը պետք է խոչընդոտ չհանդիսանան կրթական գործընթացի համար»։

Լիաննա Թորոսյան