Թանկարժեք ժամացույց, 161 մլն դրամ եկամուտ, 3 մլն դրամով հանգիստ․ Գրիգոր Մինասյանի ունեցվածքը

ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մայիսի 16-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր եկամուտների և գույքի տարեկան հայտարարագիրը:
MediaHub-ը ուսումնասիրել է այն և պարզել, որ ըստ հայտարարագրի՝ վերջինս տարվա սկզբին հայտարարագրել է 14 անշարժ գույք, որոնցից չորսը բնակարան է Երևան Շենգավիթ վարչական շրջանում, մեկը հասարակական նշանակության շինություն է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Բնակարաններից մեկը Հունաստանում է, մյուսը՝ Բուլղարիայում։ Իսկ արդեն անհատական բնակելի տունը Ծաղկաձորում է։
Մինասյանը հայտարարագրել է նաև երեք ավտոտնակ և մեկ ավտոկայանատեղի Երևանում։
Մինասյանը տվյալ տարվա ընթացքում Երևանում գնել է անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված 46 մլն 800 հազար դրամով։
Նույն ժամանակ վաճառել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի տունը՝ 103 մլն դրամով։ Տարվա ավարտին Մինասյանի անշարժ գույքի թիվը հասել է 10-ի։
Գրիգոր Մինասյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 2013 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա։
Որպես արժեթուղթ կամ ներդրում հայտարարագրել է 2013 թվականին ձեռքբերված բաժնեմասը, որի արժույթը տարվա սկզբին և ավարտին եղել է 600 դրամ։
Մինասյանը հանձնած փոխառություն ունի Էյ Էմ իրավաբանական ընկերությունում՝ 5 մլն դրամի չափով։
Տվյալ տարվա սկզբում առկա՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 5 թանկարժեք գույք է հայտարարել, որոնք բոլորը ստացել է 2009 թվականին։ Ձեռքի 2 ժամացույց 16 և 22 հազար դոլար արժողությամբ, ինչպես նաև 3 արվեստի գործ, երկուսը՝ 15 և 12 հազար դոլար արժողությամբ, մյուսը 15 մլն դրամ արժողությամբ։
Նախարարի բանկային հաշիվների մնացորդներն այս տեսքն ունեն՝
119 հազար 638 եվրո, որը տարվա ավարտին չնչին նվազել է, 1033 դոլար, որը կրկնապատկվել է, 3 հազար 880 եվրո, որը նվազել է՝ հասնելով 1550-ի, 4 մլն 570 հազար դրամ, որը նվազել է՝ դառնալով 1 մլն 58 հազար դրամ։ Զրոյական բանկային հաշիվները ավելացվել են 36 հազար դրամով և 150 հազար դոլարով։ Տարվա սկզբին ունեցած 55 հազար 765 եվրոն դարձել է 75 հազար 850 եվրո։
Որպես կանխիկ գումար Մինասյանը հայտարարագրել է 10 մլն դրամ, 2 հազար եվրո, 20 հազար դոլար։
Մինասյանը նշել է, որ HSBC բանկից 665 հազար դրամի վարկ է վերցրել։
Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 195 հազար դրամ։ ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացել է 13 մլն 476 հազար դրամ աշխատավարձ։ Վերջինիս գումարների մեծ մասը ստացել է վարձակալության դիմաց վճարումներից։ Ընդհանուր եկամուտը կազել է 161 մլն 651 հազար դրամ։
Հանգստաի համար ծախսել է 3 մլն 700 հազար դրամ։
Անշարժ գույքի վերանորոգման համար ընդհանուր ծախսել է 9 մլն 500 հազար դրամ։
2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 46 մլն 800 հազար դրամ։
Շահերի հայտարարարագիրը բաժնում Գրիգոր Մինասյանը հայտարարգրել է Էյ Էմ իրավաբանական ընկերությունում բաժնետոմսի մասնակցության 60 տոկոսը և Փրոֆ Թաքս ընկերության 100 տոկոսը։ Երկու ընկերություններում էլ վերջինս տնօրեն է։
Մինասյանը նաև Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է և կազմակերպության տնօրենների խորհրդի անդամը։