Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է

Խորհրդարանական ընդդիմությունը, իր խոստման համաձայն, կբոյկոտի սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք ԱԺ նստաշրջանի աշխատանքները, համենայնդեպս՝ առաջին նիստերը։ Սակայն, որպես ազգընտիրներ, հանդես կգան նոր ֆորմատով՝ իրական կամ այլընտրանքային խորհրդարանի ձեւաչափով։

Տեղեկացանք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հենց սեպտեմբերի 12-ին հրավիրել են քննարկում՝ երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգային թեմաներով, նիստին հրավիրել են նաեւ փորձագետների։ Այն կայանալու է «Անի գրանդ» հյուրանոցում։ Օրակարգը վերնագրված է այսպես «Հայաստանի իրական օրակարգը անվտանգային մարտահրավերներ»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Ազգային ժողովի խորհուրդը նիստ կհրավիրի՝ հաստատելով սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք աշնանային նստաշրջանի օրակարգը։

Այն բավականին հագեցած է լինելու օրենսդրական 3 տասնյակից ավելի նախաձեռնություններից բացի, խորհրդարանը Սահմանադրական դատարանի երկու դատավոր պետք է ընտրի կառավարության ներկայացրած թեկնածու Սեդա Սաֆարյանին՝ Ստյոպա Սաֆարյանի քրոջը, եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած թեկնածու Հովակիմ Հովակիմյանին։

Վերջինը 2011-2018 թթ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է եղել, 2018-ից՝ նախագահականի»:

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ն, պարզվում է, հավատում է սիմվոլներին՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, քվեաթերթիկում էլ 7-րդ համարն է։ Հույս ունեն, որ յոթերի համընկնումով քարոզարշավն իրենց համար հաջող է լինելու։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է

«Դեռեւս նախորդ տարվա փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրվեցին։ Տեղադրողը գործարար, «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ապարանի մերձակայքում ապակեպատ մատուռ կառուցած Արտակ Թովմասյանն էր, որ վրանային իր ակցիայով ասես նոր շունչ էր ուզում հաղորդել «Հայրենիքի փրկության» շարժմանը: Մեծ շուքով տեղադրված ճեփ-ճերմակ վրանները մի քանի օր անց, սակայն, դատարկ էին, ավելին՝ ուժգին քամուց փլվել, ընկել էին: Իսկ դա այն բանի ապացույցն էր, որ դրանցում ո՛չ հերթապահություն իրականացնող կուսակցական կար, ո՛չ էլ՝ դրանց ճակատագրով հետաքրքրվող գեթ մեկ անձ:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն եւ ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում եւ անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում:

Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, եւ նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, եւ ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է

«Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովը սեւ գիծ է քաշում իրենց մասնագիտական առաջխաղացման եւ կարիերայի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման եւ հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին եւ օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: Իսկ ովքե՞ր էին զրկվել Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու հնարավորությունից։ Նրանք Կարեն Գրիգորյանը եւ Ռիմա Առաքելյանն էին, որոնց անունները հանվել են հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից: Ինչպես նաեւ՝ դատավոր Նաիրա Ավետիսյանը եւ Սյուզաննա Վարդանյանը, որոնց անուններն էլ հանվել են հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

«Իրավունք» թերթը գրում է.

«Խորհրդարանական աշնանային նիստերը սեպտեմբերի 12-ից կմեկնարկեն կրկին առանց ընդդիմության: ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները շարունակելու են բոյկոտել քառօրյա նիստերը: Սակայն սա չի նշանակում, թե Ազգային ժողովում արշալույսները խաղաղ են լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է

«Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 60 հազարը, սակայն մեր երկրում արդեն մի քանի տարի է, ինչ էժան աշխատուժ են համարվում հնդիկները: Նախորդ տարիներին հնդիկները հայկական գյուղերում ներգրավվում էին հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Իսկ ահա վերջին շրջանում նրանք աշխատում են նաեւ շինարարության ոլորտում: Օրինակ` շինաշխատանքներից հայերի մեծ մասը հրաժարվում է, իսկ հնդիկներն այդ աշխատանքն անում են 4-5 հազար դրամով: Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Իսկ մեր հայրենակիցներն ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել:

Բացի այս` հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել: Օրինակ` նրանց մեծ մասը Հայաստանով նախընտրում է գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում։