Իշխանության «սրտի օլիգարխը»

Իշխանության «սրտի օլիգարխը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Նարեկ Նալբանդյանն է, ով բոլոր հիմքերն ունի համարվելու այս իշխանության «սրտի օլիգարխ»: 

Փաշինյանը՝ օլիգարխի ընկերակցությամբ 

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, առանց փողկապի էր դիմավորել ու ուղեկցել վարչապետին, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է:

Սակայն խնդիրը ոչ փոխկապն է, ոչ էլ արարողակարգը, այլ այն, որ բոլորիս աչքի առաջ «հեղափոխական» իշխանությունն անհայտությունից աճեցնում է իր օլիգարխին, ով հասցրել է Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցը գնել, տիրանալ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձնատանը, դառնալ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի, «Ման-Հոլդինգ» ընկերության սեփականատերը: 

Ո՞ւմ փողերն է ծախսում Նալբանդյանը 

Գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ «հաջողակ» գործարար Նարեկ Նալբանդյանն իրականում ոչ թե բիզնես- տաղանդ, այլ իշխանական տանիք ունի, ավելի ստույգ՝ Փաշինյանի վերնախավի գործիքներից մեկն է, որի միջոցով իրականություն է դառնում սեփականության վերաբաժանման գործընթացը:

Վահրամ Բագրատյան