Հաճույքների համար փողը չեն խնայում, Ով է վաճառել Եռաբլուրի հողերը, և ով է գնել. Մամուլը՝ սուրճով

Հաճույքների համար փողը չեն խնայում, Ով է վաճառել Եռաբլուրի հողերը, և ով է գնել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողերի օտարման գործընթացի մանրամասները հղում անելով դատախազության պաշտոնական աղբյուրներին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում եւ ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանն է Եռաբլուրի հողերի իրական վաճառողը եղել: Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղից է: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո մասնակցել է նրա գինու, կոնյակի գործարանի բացմանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։ Ներկայացրել էինք 6 դրվագները: Շարունակում ենք մանրամասնել:

Եվ այսպես, 7-րդ դրվագի համաձայն նույն Արմեն Սարգսյանը, Հարություն Մանուչարյանի համար, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 2.3 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը օտարել է: Ըստ դատախազության՝ «574 մլն 260 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը ընդամենը 161 մլն դրամով վաճառվել է Հարություն Մանուչարյանին։ 3 տարի անց Մանուչարյանը ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին է վաճառել նույն հողամասը ավելի էժան 115 մլն 900 հազար ՀՀ դրամով»։

8-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 1,4514 հա մակերեսով հողատարածքը Անուշավան Ղազարյանին է օտարել: Համաձայն դատախազության տվյալների 399 մլն 580 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը օտարվել է 101 մլն 600 հազար դրամով: Այնուհետեւ, նույն Անուշավան Ղազարյանը, իր անվամբ որպես սեփականություն հաշվառված հողամասը տրոհել է 0,36285, 0,36285 եւ 0,7257 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, եւ վաճառել է այլ անձանց:

9-րդ դրվագով Արմեն Սարգսյանը հողեր է վաճառել ՀՀ ՊՊԾ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանին, որը տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը: Նա Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, որի շուկայական արժեքը եղել է 1 մլրդ 588 մլն դրամ, Վաչագան Ղազարյանի փոխարեն վերջինիս մորեղբոր թոռանը՝ Արմեն Ավետիսի Մկրտումյանին է օտարել ընդամենը 360 մլն 450 հազար ՀՀ դրամով։

Ըստ դատախազության Վաչագան Ղազարյանը շարունակել է հանցավոր ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունները եւ տրոհել է 2,14989, 1,80512 եւ 0,05 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, որոնցից մեկը Արմեն Մկրտումյանի եւ Կորյուն Եղիազարյանի միջեւ կնքված ձեւական առուվաճառքի պայմանագրով 12 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի ընկերոջը՝ Կորյուն Եղիազարյանին:

Տրոհումից գոյացած երկրորդ հողամասը ձեւական առուվաճառքի պայմանագրով 10 մլն դրամով վաճառվել է Կորյունի կնոջը Ալլա Ստեփանյանին: Իսկ երրորդ կտորը 1 մլն դրամով վաճառվել է արդեն Վաչագան Ղազարյանի կնոջը Ռուզաննա Բեգլարյանին:

Հետո էլ Կորյուն Եղիազարյանը Վաչագան Ղազարյանի որդուն` Մհեր Ղազարյանին, ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով 841 մլն դրամով վաճառել է Ալլա Ստեփանյանի անվամբ գրանցված հողամասը: Ապա Ալլա Ստեփանյանի եւ կրկին Վաչագան Ղազարյանի որդի Մհեր Ղազարյանի միջեւ 2021 թվականի մայիսի 26-ին ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով հողամասը 1 մլրդ 269 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի որդուն՝ Մհեր Ղազարյանին։

Շարունակելի….»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանականները բյուջեից հսկայական միջոցներ են վատնում իրենց վոյաժների, պարգեւավճարների, իրենց հաճույքների համար, փոխարենը՝ պաշտոնական միջոցառումների վրա փող են խնայում, զլանում են նորմալ կազմակերպել։

Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը։ Օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթն այսպես թարգմանեց․ «ԵՄ-ն ՀՀ կողքին է եղել ամենասկզբից, երբ հայերը Լեռնային Ղարաբաղից սկսեցին փախչել»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ «մնայիք, կռվեիք, չփախչեիք Հայաստան»։

Եվ այդ տողը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում վայրկյաններ անց դարձավ լուրի վերնագիր։ Իրականում Մարագոսին վերագրվել էր «փախչել» բառը, նա իր խոսքում այն չէր գործածել։ Սա միակ կիքսը չէր, ողջ միջոցառման ընթացքում դրանք բազմաթիվ էին։

Օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության մասին թարգմանության ժամանակ նշեց՝ 4 հազար պարեկ է բերվել Հայաստան, խոսքը, մինչդեռ, դիտարկումների քանակի մասին էր եւ այլն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ընթացքում եւս ասուլիսը տապալվեց վատ թարգմանչի պատճառով, եւ աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահրամ Նարիբեկյանին նկատողություն հայտարարվեց։