Եկեղեցին լոկ շինություն չէ. եկեղեցին ամեն մի հավատացյալ հայ մարդն է․ Տ․ Մակար վարդապետ Հակոբյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:
Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյան։
«Եկեղեցին լոկ շինություն չէ. ինձ համար եկեղեցին ամեն մի հավատացյալ հայ մարդն է: Մեր ամբողջ կյանքը պետք է նվիրենք մեր երկու սրբություններին հայրենիքին եւ եկեղեցուն: Մարդն ունի մարմին եւ հոգի, եթե մեկը մյուսից առանձնացնեն, ապա կմահանա. մեր մարմինը հայրենիքն է, իսկ հավատքը հոգին. երկուսն էլ պետք է մաքուր պահենք, չպղծենք:
Մարդիկ, ովքեր գիտակցաբար գնում են իրենց կյանքը զոհելու եւ հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին, սրբության ճանապարհն են բռնել, որ նաեւ հավատքի պաշտպանության ճանապարհն է: Եվ եկեղեցին, բնականաբար, պարտավոր է կանգնել նման մարդկանց կողքին, սատարել, ուժ ու կորով տալ նրանց:
Ոչ միայն պատերազմի օրերին ազատամարտիկներին մեր օրհնությունն ենք բերել, այլեւ խաղաղ պայմաններում էլ մշտապես նրանց հետ շփվել ենք, շատերին մկրտել. նրանք մեր ժողովրդի փայլուն սերուցքն են: Եկեղեցու սպասավորները պատերազմի ժամանակ զենքը ձեռքին կանգնել են մեր զինվորների կողքին, որ էլ ավելի մեծ զորություն է տվել նրանց:
Պետք է ամուր կանգնել հայրերի հավատքի հիմքի վրա, ամուր կանգնել հայրենի հողի վրա, լինել սիրով, միաբանված՝ թև ու թիկունք լինելով կարողանանք հաղթահարել դժվարությունները»: