Խաչատուր Սուքիասյանը շարունակում է թալանել մարդկանց, Պատանդ են վերցրել եւ շանտաժի ենթարկել. Մամուլը՝ սուրճով

Խաչատուր Սուքիասյանը շարունակում է թալանել մարդկանց, Պատանդ են վերցրել եւ շանտաժի ենթարկել. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Fly-one Armenia» ավիաընկերությունը շարունակում է դատարկել ուղեւորների գրպանները: Պարզվում է` այս ավիաընկերությունից տոմս գնելը դեռ չի նշանակում, որ տեղ կգտնես ինքնաթիռում: Շատ քաղաքացիներ, անտեղյակ «Fly-one Armenia»-ի «բարքերից», գալիս են օդանավակայան եւ մեկնելու ժամանակ հանդիպում տհաճ «անակնկալի»:

Եթե չես իրականացրել մինչեւ թռիչքդ օնլայն գրանցում, ապա պետք է վճարես 12 հազար դրամ: Իսկ եթե, այդուհանդերձ, փորձում ես օնլայն գրանցում իրականացնել, ապա կրկին պատրաստ պետք է լինես դատարկել գրպաններդ ու զինվել համբերությամբ:

Բավական խրթին օնլայն գրանցման ժամանակ, ինչը, բնական է, ամեն քաղաքացի «գլուխ չի դնի», հայտնաբերում ես, որ քո ուզած տեղում նստելու համար աթոռը գումար արժե եւ ընդհանրապես` անվճար աթոռ չկա էլ, միայն թե գներն են տարբեր:

Ուզո՞ւմ ես բեռներդ հավելյալ երաշխիքներ ունենան, որ ապահով տեղ կհասնեն, կրկին պետք է վճարես: Իսկ չվճարելու, բայց օնլայն պատշաճ գրանցումն իրականացնելու դեպքում` հայտնաբերում ես, որ մեկ փաթեթով, օրինակ, երկու տոմս գնելու դեպքում` ինքնաթիռում մեկը կհայտնվի հյուսիսում, մյուսը` հարավում: Օրինակ, եթե որոշել եք մեղրամիս մեկնել «Flyone Armenia»-ով, ապա պատրաստ եղեք, որ ողջ ճանապարհը անցնելու եք, ասենք, մի սեւամորթի կողքին, իսկ Ձեր նորահարսը` եսիմ որտեղ պետք է նստի: Իրար կողքի նստելը եւս գումար արժե:

Բայց սրանով մղձավանջը` «Flyone Armenia»-ից օգտվելու, չի ավարտվում: Ուղեւորների համար անգամ ջուրն է վճարովի: Մինչդեռ, օրինակ, «Այրոֆլոտի» դեպքում` ուղեւորներին անվճար տալիս են ջուր, սուրճ, թեյ, հյութ, սնունդ, անգամ` գինի, իսկ երեխաներին` նվերներ:

Օտարերկրացիներն ուղղակի ապշած են «Flyone Armenia»-ի ճղճիմությունից, որ ջուրն էլ է ծախում իրենց վրա: Ընդ որում` բորդուղեկցորդն ու ուղեկցորդուհիներն էլ, եթե  այլ ավիաընկերությունների դեպքում անում են ամեն ինչ, որպեսզի կոմֆորտ պայմաններում ուղևորներն իրականացնեն իրենց թռիչքը, ապա այս դեպքում` նրանք վերածվել են զուտ ապրանք ծախող առեւտրականների: Մնացյալը նրանց համար երկրորդական է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 28-ին տված իր հարցազրույցում խոստովանեց, որ ադրբեջանական կողմն ընտրովի մոտեցում է ցուցաբերել: Իրեն հաջողվել է ուղղաթիռով հասնել Սիսիան, իսկ երեք նախկին նախագահներին ուղղաթիռով չեն տեղափոխել` նրանք առեւանգվել եւ գերի են տարվել Ստեփանակերտից:

Նա եթերում ասաց. «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»:

Շահրամանյանն Արցախի ՊԲ գործող հրամանատարի եւ իր անվտանգության երկու աշխատակցի հետ ուղղաթիռով է տեղափոխվել։ Շահրամանյանին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ նախկին նախագահների համար էլ են բանակցել` ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու հետ կապված, սակայն Ադրբեջանը չի համաձայնել:

Ավելին, անցակետը հատող ԱԱԾ եւ ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել եւ հայտարարել` մինչեւ նախկին նախագահները չհանձնվեն, նրանց չենք ազատի: Այդ մասին իմանալով՝ Ստեփանակերտում գտնվող նախկին նախագահները հանձնվել են ադրբեջանական կողմին, որից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին թողել են, որ սահմանն անցնեն, իսկ Շահրամանյանը` ուղղաթիռ նստի:

Մեր աղբյուրը Շահրամանյանի հանդեպ նման «բարյացակամությունը» բացատրեց նրանով, որ Արցախի մի քանի օրվա նախագահն ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովուրդը, 1991թ.-ի հանրաքվեով հռչակելով Արցախը անկախ պետություն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանությունից, իրավասությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Արցախի կարգավիճակի հստակեցման եւ արցախահայության ինքնորոշման հարցը մշտապես եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծավալվել է բանակցային երկխոսությունը: 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջվեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանությունները բանակցությունների հիմնական առարկա հռչակեցին արցախահայերի անվտանգության հարցը:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ զրո կետից մեկնարկի անորոշ ու ձախողված արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափված Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանություններն այլեւս փակված են համարում Արցախի էջը, եւ նրանցից արցախամետ որեւէ քայլ սպասելը միամտություն կլինի, ակնհայտ է, իսկ թե ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ տեղափոխված արցախցի պատգամավորները եւ պաշտոնյաները, թերեւս որեւէ բացատրություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել է՝ ինչու Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան.

«Մենակ արտահերթ նիստ հրավիրելով ու դրանով բավարարվելով չէ, պետք է աշխատանք կատարել վաղվա համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդյունքում ինչ-որ բանի միանգամից կհասնես, բայց ժամանակի ընթացքում տեւական աշխատանքն արդյունք տալիս է: Արտահերթ նիստ հրավիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրե՛ք՝ նիստ հրավիրեցինք, հայտարարություն տարածեցինք ու գնացինք տներով. այդպես չի լինի: Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ դիմել են արդյոք Արցախի՝ ապօրինի գերեվարման մեջ գտնվող ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրավրելու համար: Բալայանն ասաց, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկվել: Թե ինչու են հապաղում արցախցի պատգամավորները, անհասկանալի է, բայց այն, որ ժամանակը միայն ու միայն մեր դեմ է աշխատում, պարզ է:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես ասում են, նույնիսկ «անզեն աչքով» է նկատելի, որ վերջին օրերին հանկարծ ակտիվացել են նույնիսկ այնպիսի քպականները, որոնք, որպես կանոն, աշխատում են հնարավորինս ստվերում մնալ, իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհության «դռբի տակ» չընկնելու, իրենց հասցեին անհատական քննադատություն ու թուքումուր չբերելու համար:

Ընդ որում, ակտիվացել են ոչ թե իրենց գործառույթներից ելնելով կամ, առավել ևս, իրենց գործառույթները կատարելու տեսանկյունից, այլ բացառապես քաղաքական, քպական «կոնտեքստում»: Խոսքը նաև բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների մասին է, որոնք այս օրերին այնպիսի հայտարարություններ, քայլեր կամ սոցցանցային գրառումներ են կատարում, որոնք ոչ միայն շատ բնորոշ են ՔՊին, այլև տպավորություն են թողնում, որ հատուկ են նման բաներ անում, որ առնվազն քննադատության առիթ ստեղծեն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում նշյալ անձինք ո՛չ «հունանավետիսյաններ» են, ո՛չ էլ կամիկաձեներ. նրանք պարզապես կատարում են իրենց «շեֆի» հանձնարարությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»:

Ի մասնավորի, Փաշինյանը զայրացել է, թե՝ հո միայն ես չեմ «տանելու» այդ ամենը, նաև՝ «պարտվելու», «հազարավոր զոհերի պատճառ դառնալու», «Արցախը հանձնելու», «հող տալու», «Հայաստանի ու Արցախի շահերին դեմ գնալու» և տարբեր այլ մեղադրանքները, մեկ թիմ ենք, ու կատարվածի, կատարվողի համար պատասխանատու եք բոլորդ: Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանը թիմակիցներին նաև «չորել» է, թե՝ փաստորեն իշխանության, պաշտոնների վայելքները սիրում եք, պատասխանատվություն ստանձնել չեք ուզո՞ւմ: