Ի՞նչ ապատեղեկատվություններ են․ Երասխում ամեն ինչ կարգին է․ գյուղապետ

Ի՞նչ ապատեղեկատվություններ են․ Երասխում ամեն ինչ կարգին է․ գյուղապետ

Երասխում ամեն ինչ կարգին է, համայնքը կանգուն է, շատ ընտիր։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Երասխ համայնքի գյուղապետ Սարո Այվազյանը։ 

Դիտարկմանը, թե տեղեկություն ունենք, որ գիշերը համայնքում համար 1 տագնապ է հայտարարվել, վերջինս պատասխանեց․ «Համար 1 չի եղել, ոչ մի արտառոց դեպք չի եղել, ժողովուրդն ապրում է բնականոն կյանքով, դպրոցը, մանկապարտեզը բաց է։ Եթե  այդ բոլոր հաստատությունները նորմալ աշխատում են, ի՞նչ պրոբլեմ կա։ Մեր գյուղում ամեն ինչ նորմալ է, ի՞նչ ապատեղեկատվություններ են տարածվում»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։
«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»,-ասել է Մարգարյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ից։ 

Այս պահի դրությամբ հայկական կողմը հայտնել է 135 զոհի մասին, վիրավորների հստակ թիվը դեռ չի հրապարակվել։

Լիաննա Թորոսյան