Արայիկ Հարությունյանի առաջարկը Սամվել Բաբայանին. նոր կառույց կստեղծվի՞

Արայիկ Հարությունյանի առաջարկը Սամվել Բաբայանին. նոր կառույց կստեղծվի՞

Երկու օր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի գլխավորությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք անցկացվեց, այն պահանջով, որ նախագահը վերջինիս նշանակի պետնախարարի պաշտոնում։ Հանրահավաքից 10 օր հետո նախագահը վերջնական պատասխան պետք է տա։ 

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը MediaHub-ին այսօր հայտնեց, որ Արցախում արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները։

«Հանրահավաքի օրը իշխանությունը ուժեր էր կուտակել, գրեթե ամեն տեղ, տանիքներում դիպուկահարներ էին, փողոցներում ջրցան մեքենաներ, հսկվում էինք նաև նկուղներից, սենյակներից։ Ուժային բախումն աններելի կլիներ։ Ես հասկանալով, թե ինչ իրավիճակ է՝ առաջարկեցի 10 օրով time out վերցնել, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ քայլեր պետք է ձեռնարկենք։ Երեկ առաջին բանակցությունն էր, այն քաղաքական կոնսուլտացիան, որի մասին խոսում ենք։ Այդ կոնսուլտացիայի ժամանակ առաջարկել են մի կառույց ստեղծել, որը կկոորդինացնի ամբողջ աշխատանքները։ Ես դեմ չեմ, քանի որ ինչպես ասել եմ՝ իմ պայքարը պաշտոնի համար չէ, եթե այդ ստեղծվելիք կառույցը կունենա հնարավորություներ, լիազորություններ ու այնքան պատասխանատվություն, որը իրավիճակ կշտկի»,-ասաց նա։ 

Բաբայանի խոսքով՝ այդ բանակցությունները դեռ շարունակական են։ Դիտարկմանը, թե պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախօրեին MediaHub-ի հետ զրույցում ասել էր՝ որևէ տեղ չի գնում և իր հետ պետնախարարի պաշտոնը լքելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, Բաբայանը պատասխանեց․ 

«Նախագահի այն առաջին առաջարկը, որի համաձայն պետք է նոր կառույց ստեղծվի, այնտեղ նաև Գուրգեն Ներսիսյանն է լինելու. թե ինչ դերում և ինչ լիազորություններով, դեռ քննարկվելիք թեմա է։ Հիմա դեռ պետք է քննարկվի, թե այդ կառույցը ինչ պատասխանատվություն է ունենալու, ինչ գործիքներ է ունենալու, արդյոք ամբողջ իրավիճակն իրենց հսկողությամբ է լինելու, որից հետո արդեն կքննարկվի կազմի հարցը, բայց կրկնում եմ՝ նախնականով Ներսիսյանի անունը ևս կա։ Այդ կառույցի կազմում կարող է նաև պետնախարարը լինել»,-շեշտեց Բաբայանը։ 

Նա շեշտեց՝ չի հավակնում նշանակվել որպես քննարկվող ստեղծվելիք կառույցի ղեկավար։ Ըստ նրա՝ այդ կառույցում ընդգրկվում են քաղաքական ուժերը, որոնք կհայտարարեն՝ պատասխանատու են հետագա բոլոր զարգացումների համար։ 

«Թե՛ տնտեսական, թե՛ ռազմական հարցերում պետք է գործեն բոլորը։ Եթե գալու են պարզապես «թոնրի շուրջ զրուցելու համար», ապա իմաստ չունի հավաքվել։ Իշխանությունը դեռ ոչ մի դիրքրորոշում չի հայտնել իմ՝ պետնախարար նշանակվելու առաջարկի վերաբերյալ, դեռ միայն իրենց առաջարկն է այս փուլում։ Երբ իրենց առաջարկն անիրագործելի լինի, այդ ժամանակ կխոսենք այլ մոտեցման մասին։ Չշտապենք, 10 օր սպասենք»,-ընդգծեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահը։ 

Հարցին, թե ի՞նչ սցենար կա նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասով, վերջինս պատասխանեց՝ այն քննարկումը, որը եղել է իր հետ, եղել է նաև Վարդանյանի հետ։

Լիաննա Թորոսյան