ՔՊ-ականները հանրության ուշադրությունը շեղում են դեպի «տիեզերք»

ՔՊ-ականները հանրության ուշադրությունը շեղում են դեպի «տիեզերք»

Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներքաղաքական հազարավոր խնդիրներից և արտաքին ճակատում բազմաթիվ ձախողումներից և զիջումներից հանրության ուշադրության շեղման ամենահարմար առիթը ՀՀ քաղաքացիներին «լավ լուրերով» կերակրելն է: 

Փաշինյանը ստանձնել է «լավ լուրեր» հայտնելու պարտականությունը՝ մոռանալով ցուցադրել Զվարթնոց օդանավակայանը՝ քանի մարդ է կառավարության նիստի ընթացքում ընդմիշտ լքում Հայաստանը՝ այն Հայաստանը, որտեղ, ըստ ՔՊ-ականների, պետք է վերադառնար Սփյուռքը: 

Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների մասին ՔՊ-ականները նախընտրում են լռել՝ չեն խոսում «բացված» հազարավոր նոր աշխատատեղերի, «թալանածը բյուջե վերադարձնելու» մասին: 

Տիեզերք արբանյակ արձակելը, իհարկե, կարևոր է, սակայն երբ Հայաստանը ՔՊ-ականների իշխանության օրոք և գործունեության արդյունքում նման է դեպի այսբերգը սլացող Տիտանիկի՝ այս ֆոնին խոսել տիեզերքի մասին կարող է միայն բուռն երևակայություն ունեցող Փաշինյանը:

Կեղծ օրակարգեր ձևավորելն ու ընդդիմության պայքարից ՀՀ քաղաքացիների ուշադրությունը դեպի մանր թեմաներ շեղելը դարձել է իշխանության հոբբին և կառավարման մեթոդաբանությունը: ՀՀ քաղաքացիները պետք է դուրս գան փողոց՝ գործող իշխանություններից պահանջելով այն Հայաստանն ու Արցախը, որի մասին խոսվում էր 2018թ.-ից սկսված: 

ՔՊ-ականներն այժմ արցախյան պատերազմի աղետալի հետևանքների մասին լռում են՝ հանրությանը մոլորեցնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման մասին կեղծ խոստումներով: Սահմանների բացումն իր մեջ կրում է հայկական տնտեսության վերջնական կազմաքանդման և թուրքական տնտեսության կողմից կլանման ռիսկեր, ինչի մասին իհարկե ՔՊ-ն լռում է:

«Լավ նորություններով» հանրությանը կերակելու գործելաոճն այլևս չի աշխատում՝ ՀՀ քաղաքացիները դուրս են եկել պայքարի՝ ընդդեմ մի քանի տարի տևող կեղծիքների և հայակործան քաղաքականության:

Վահրամ Բագրատյան