Նեռվերիս մի ազդեք, նախկիններն են մեղավոր, բա էլ ո՞վ․ Միքայելյանը՝ նոյեմբերի 9-ի և հետևանքների մասին

Նեռվերիս մի ազդեք, նախկիններն են մեղավոր, բա էլ ո՞վ․ Միքայելյանը՝ նոյեմբերի 9-ի և հետևանքների մասին

Մեր բանակը չի պարտվել, միավորվել է պետք։ Այդ մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա 44-օրյա պատերազմում տարած պարտության ամբողջ մեղքը տեսնում է նախկին իշխանության բացթողումների մեջ։

«Մենք պարտվել ենք մարտը, և հույս ունեմ, որ համախմբվելու դեպքում մենք կկարողանանք հասնել մեր ուզածին։ Պիտի դա անենք, որ պետություն չկորցնենք»,- նշեց Միքայելյանը։

MediaHub.am-ի դիտարկմանը, որ մարտն ենք պարտվել, սակայն իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել թշնամուն, ինչպե՞ս դրան կնայեր Վազգեն Սարգսյանը, Սասուն Միքայելյանն արձագանքեց՝ նախորդ իշխանություններն ասել են՝ բանակցային գործընթացով ոչինչ չի լինի, այդ տարածքները պիտի հանձնենք. «Իսկ հիմա եկեք չշտապենք, միջազգային հարթակներում քննարկվում է Արցախի հարցը։ Ժամանակը ցույց կտա, մենք Արցախը չենք թողնի»,- նշեց Միքայելյանը։

ԵԿՄ նախագահը վստահեցրեց՝ թշնամուն «քշելը» բարդ բան չէ, ուղղակի մեր ժողովուրդը չպիտի հուսահատվի».
«Բայց ես այլ հարցի եմ ուզում անդրադառնալ՝ լինելով ՀԱՊԿ անդամ, մենք մտածելու բան ունենք՝ մնալո՞ւ ենք ՀԱՊԿ-ի մեջ, թե՞ չենք մնալու։ Որովհետև մենք հիմա մանր-մանր ցեղասպանվում ենք»,- նշեց նա։

Մեր հարցին, թե այլընտրանք ունե՞նք, Միքայելյանը պատասխանեց՝ այլընտրանքը կունենանք.
«ՀԱՊԿ-ը մինչև այսօր ոչ մի բան չի արել, կարծիք էլ չի հայտնել։ Ասում են՝ դեռ ճշտված չէ սահմանը, բերեք ճշտենք։ Նախ, որտեղ հիմա մեր զորքը կանգնած է, մենք ամեն օր երեխա ենք կորցնում, զինվոր ենք կորցնում»,- նշեց նա։ Դիտարկմանը, որ մինչև ՀԱՊԿ-ի հարցը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Սև լճի երեսուն տոկոսի համար չեն կռվի, արդյո՞ք նաև դա չէ այսօրվա իրավիճակի պատճառը, Միքայելյանն արձագանքեց՝ չի ուզում խոսքը քաղաքականացնել, բայց եթե նախորդ իշխանությունները բանակցեին, երբ մենք հզոր էինք, պետք է այդ տարածքները պահվեին ու որոշվեր՝ ինչ պիտի լինի։

«Ես որպես երկրապահ, որպես Վազգենին փոխարինող, իմ գործն եմ անում, ու ասել եմ, որ Երկրապահը որևէ իշխանության կցորդ չի դառնա։ Մենք պարտավոր ենք պահել իշխանությանը, բայց նախորդների պես կցորդ չենք դարձել։ Ես, ինչ ընտրությունները եղել են, տեսե՞լ եք մի հայտարարություն անեմ, թե այս իշխանության մեջ եմ»,- նշեց նա։

MediaHub-ի հակադարձմանը, որ իր խոսքի ամբողջ ընթացքում Միքայելյանը նախկիններին է մեղադրել, արդյո՞ք դա քաղաքական հայտարարություն չէ, Միքայելյանը պատասխանեց՝ այս իշխանությունն էլ մեղավորություն ունի, բայց պետք է պատրաստ լինենք դիմակայելու։ «Ասում եք նախորդ իշխանություն, բա ո՞ւմ մեղադրեմ։ Էլի նեռվերիս վրա ազդո՞ւմ եք»,- նշեց նա։ Ճշտող հարցին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրողին մեղադրել պետք չէ՞, Միքայելյանը բղավեց․

«Խոսում եմ, ստորագրությունը վերջում կերևա՝ ինչ է ստորագրվել, ինչի համար է ստորագրել, ժամանակը ցույց կտա՝ ով ինչ մեղք ունի։ Այսօր ազգը բաժանել ենք չորս մասի ու գոռում ենք՝ դավաճան։ Մի հատ եկեք հասկանանք, համախմբվենք ու մեր սահմանը պահենք։ Հետագայում ով դավաճան է, իր պատիժը կկրի»։

Նարե Գնունի