Նախարարի ընտանիքի հետ կապվող ԲԿ-ում քաղաքացի է մաhացել. ի՞նչ է հայտնի

Օրեր առաջ պլաստիկ վիրահատության հետևանքով հերթական մահվան դեպքն է գրանցվել։
Ըստ տարածվող տեղեկությունների՝ փետրվարին «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:
Մ.Մ.-ն ընդունվել է «Ուիգմոր» փետրվարի 18-ին, պացիենտին կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն: Սակայն, նրա վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա էլ ավելի է վատացել։ Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում արձանագրվել է Մ.Մ.-ի կենսաբանական մահը:
«Ուիգմոր» ԲԿ-ն, հիշեցնենք, կապվում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի անդամի անվան հետ:
ԲԿ-ից MediaHub-ին խոստացան՝ համապատասխան մասնագետը կապ կհաստատի մեզ հետ և կպարզաբանի՝ ինչ է տեղի ունեցել։ Սակայն, մինչ այս պահը հետադարձ զանգը չենք ստացել:
Նշենք, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ Ոստիկանությունը փաստաթղթերը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:
Նարե Գնունի