Մեծ հանրահավաք՝ անորոշ հեռանկարով

Մեծ հանրահավաք՝ անորոշ հեռանկարով

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության սպասված հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11 200 մարդ։

Ընդդիմության ներկայացուցիչները մասնակիցների ավելի մեծ թիվ են նշում՝ 20000 կամ նույնիսկ ավելին։ Մասնակիցների թվի վրա երկար կենտրոնանալ չարժե․ հանրահավաքը, ցանկացած պարագայում, մարդաշատ էր։ Այս փաստն, ի դեպ, ընդունվում է նաև իշխանամերձ ԶԼՄ-ների կողմից։

Ամբողջ խնդիրն այն է, որ սա գործող խորհրդարանական ընդդիմության փողոցային ակտիվության առավելագույն ցուցիչն է։ Հանրային կամ քաղաքական նոր խմբերի ինտեգրում գործընթացին առայժմ տեսանելի չէ։ Ասածս այն է, որ երեկվա հանրահավաքից հետո չի կարելի միանշանակ պնդել, թե երկրում որակապես նոր քաղաքական իրավիճակ է փոխվել։

Մյուս խնդիրը, որի պատասխանը երեկ չստացվեց՝ ընդդիմության հետագա գործողություններն են։ Սա առանձին վերցրած հանրահավա՞ք էր՝ պայմանավորված, օրինակ՝ Բրյուսելի հանդիպմամբ, թե՞ գործ ունենք տևական մի գործընթացի հետ, որը հանգեցնելու է Հայաստանի քաղաքական կյանքում նոր ստատուս- քվոյի ամրագրմանը։
Այս հարցի պատասխանն առայժմ չունենք։

Համենայն դեպս, Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի եզրափակիչ քաղաքական հայտարարության մեջ գերակշռում են խնդիրները, որոնք վերաբերում են հայ- թուրքական, հայ- ադրբեջանական հարաբերություններին ու ԼՂ խնդրին ու, կարծես թե, իշխանափոխության պահանջ, որպես այդպիսին, ձևակերպված չէ։

Արդյո՞ք սա ընդդիմության նոր մարտավարությունն է, թե՞ արտաքին ռիսկերի պարագայում՝ իշխանություն- ընդդիմություն որոշակի կոնսենսուսի հետևանք է՝ ինչպես նշում են տելեգրամյան իշխանամերձ որոշ ալիքներ։ Հակված ենք ենթադրել, որ գլոբալ փոփոխությունների համատեքստում՝ Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի սպասումների փուլ է ու կոնկրետ զարգացումների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։

Տիգրան Գալստյան