Քանի Փաշինյանն ու իր խունտան երկրի ղեկին են, պետական որևէ մարմնի չեմ վստահում. իրավապաշտպան

Քանի Փաշինյանն ու իր խունտան երկրի ղեկին են, պետական որևէ մարմնի չեմ վստահում. իրավապաշտպան

Ինձ համար անսպասելի էր ու տարօրինակ ՄԻՊ-ի արձագանքը, չէի սպասում, չեմ կարող ասել՝ ինչ մոտիվներով են ձեռնարկել, քիչ առաջ նաեւ զանգ եմ ստացել, պարզվեց, որ Դատախազությունն էլ քրեական վարույթ է նախաձեռնել․ MediaHub-ի հետ զրույցում ասում է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը երեկ «ֆեյսբուքյան» հրապարակմամբ հայտնել էր, թե Գյումրիում Մուշի բաժնի քրեականի աշխատակիցը խանութում հարձակվել է իր վրա։ 

Դեպքի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն եւ բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ 

«Չգիտեմ՝ շոու է, թե իսկապես իրական մտահոգություն ունեն այդ մարմինները, բայց մի բան հաստատ կարող եմ փաստել, որ քանի Հայաստանի Հանրապետությունում գործում է Նիկոլ Փաշինյանը եւ իր խունտան, քանի ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչպիսին է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որեւէ պետական հիմնարկի նկատմամբ վստահություն չունեմ»,-ասում է Պողոսյանը։ 

Պատմելով Մուշի բաժնի աշխատակցի հետ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի մանրամասները՝ Պողոսյանը նշեց, որ ոստիկանը քաղաքացիական հագուստով է եղել, խանութում մոտեցել է իրեն, հարցրել՝ ոնց ես։ 

«Ես իրեն չեմ ճանաչել, մտածել եմ ֆեյսբուքյան հետեւորդ է։ Պատասխանել եմ՝ նորմալ։ Հարցրեց՝ չճանաչեցիր, ասացի՝ չէ։ Անցած տարի ոստիկանությունում իմ թեւը կոտրել էին, հենց ինքն է եղել, բայց ես իր դեմքը չէի հիշում։ Երբ ներկայացավ՝ հորդորեցի՝ ինձնից հեռու մնալ, որեւէ խոսակցություն չանել, որովհետեւ ինքս ցանկություն չունեմ հետը խոսելու։ Հետո մի քանի անգամ անընդատ փորձեց ինչ-որ բան ասել, հրահրել։ Վերջում, երբ վճարում էի անում, որ դուրս գամ, իր ապրանքները թողնելով կասայի վրա՝ հետեւիցս վազել է, որին հաջորդել են հարվածներ եւ քաշքշուկ»,-պատմեց նա։

Ի դեպ, նշենք, որ Կարապետ Պողոսյանն այսօր առավոտյան մի գրառում է արել՝ թերևս երեկվա միջադեպի հետ կապված. «Ոստիկանությունում պրակտիկա է դարձել կարգազանց մենթերին հետին ամսաթվով արձակուրդ ճանապարհելը»,-գրել է նա:

Լիա Սարգսյան