Զովունիում խմելու ջուրը դեֆիցիտ է դարձել, օր կա՝ ջուր չի լինում․ բնակիչներն ահազանգում են

Խմելու ջուրը Կոտայքի մարզի Զովունի գյուղում «թանկ հաճույք» է դարձել։
MediaHub-ին ահազանգած Զովունու բնակիչները նշում են՝ գյուղն ամռան այս տապին մնացել է առանց ջրի ու որևէ պատկան մարմին հստակ չի պատասխանում, թե ինչո՞ւմն է խնդիրը:
Բնակիչներն էլ առօրյա հոգսը հոգալուն զուգահեռ, փորձում են հասկանալ, թե ինչն է պատճառը նման խայտառակ վիճակի և փորձում պատասխանատուներ գտնել:
Զովունու բնակիչ Արմեն Դանիելյանն ասում է՝ օր է լինում ջուր չեն ստանում, օր էլ կա՝ 1 ժամ կամ էլ 30 րոպե են ջրի «երեսը» տեսնում։ «Ջուրը Զովունիում տալիս են ըստ գրաֆիկի՝ ցերեկը 15։00-ից մինչեւ երեկոյան 20։00։ Արդեն երկու ամիս է մեկ կամ երկու օր լինում է՝ ջուր չեն տալիս, տալուց էլ 1 ժամ, կամ 30 րոպե են տալիս»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ դիմել են եւ՛ գյուղապետարան, եւ՛ «Վեոլիա ջուր», բայց խնդիրը չի լուծվում, մարդիկ էլ տառապում են։
«Գնացինք «Վեոլիա ջուր», պարզվեց՝ Զովունու գյուղապետարանն է մեղավոր, գյուղապետարանից էլ ասում են «Վեոլիա ջուրն» է պատասխանատու։ Մի խոսքով՝ մեկը մեկի վրա են գցում։ Մեր տեղեկություններով ջրի «բասեինը» դատարկ է։ Ասում են, թե քաղաքացիները խմելու ջուրը ոռոգման նպատակով են օգտագործում։ Բայց նախորդ տարիներին, ամռան ամիսներին, նման խնդիր չի եղել, թե ինչու է այս տարի առաջացել՝ ոչ ոք չի ասում»,-նշեց նա։
Արմեն Դանիելյանը պատմեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը, տեղեկանալով խնդրի մասին, հուսադրող որեւէ բան չի ասել, ավելին՝ նշել է, որ խնդիրը չեն կարող կարգավորել։
«Ես նման բարձիթողի վիճակ չեմ տեսել։ Ջրմուղում Նարեկ անունով մի աշխատակից, կարծեմ պետն է, մեզ մի քանի օր առաջ ասաց՝ կկարգավորվի։ Երեկ էլ գնացինք, ասում է՝ ջուր չկա, «նապոռը» քիչ ա։ Ասում ենք՝ որքա՞ն պիտի առանց ջուր նստենք։ Մեզ պաատասխանում է՝ դեռ էդ հարցը չենք կարող կարգավորել։ Չգիտենք՝ ինչ անել»,-ասաց մեր զրուցակիցը։
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Զառա Նազարյանը MediaHub-ին ասաց, որ խնդրի մասին տեղեկություններ ճշտելուց հետո կպատասխանի, թե ինչո՞ւ Զովունին ըստ գրաֆիկի ջուր չի ստանում։ Մինչ նյութը հրապարակելը մեզ, սակայն, պատասխան չտրվեց:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Զովունու գյուղապետ Արտաշես Ղարիբյանի հետ, վերջինիս հեռախոսն անջատված էր։
Ի դեպ, նյութը պատրաստելիս տեղեկացանք, որ Եղվարդում 5 օր ոռոգման ջուր չի եղել, մարդիկ այգիները ջրել են խմելու ջրով։ Ասել է թե՝ սա կարող է լինել Զովունիում խմելու ջուր չլինելու պատճառներից մեկը:
MediaHub-ը հետամուտ կլինի խնդրին ու ականջալուր բնակիչների ահազանգերին:
Լիա Սարգսյան