Այս տարի թմրանյութի ապօրինի վաճառքի 146 դեպք է հայտնաբերվել՝ բոլորը տելեգրամի միջոցով․ Վահե Ղազարյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հարությունյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ պայքար է ընթանում թմրանյութերի շրջանառության ծավալների և քիմիական կախվածություն ունեցող անձանց թվի աճի դեմ։  Պատգամավորը նաև հավելեց, որ թմրանյութի օնլայն վաճառքի թիվը ևս աճել է։ 

Ղազարյանը պատասխանեց, որ ՆԳՆ Ոստիկանության կողմից բավականին աշխատանքներ են կատարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։

«Մտահոգիչ է այն ցուցանիշը, որ ունենք։ Վստահ եմ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ կան։ Այդ պատճառով 2023 թվականը Ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Կատարվել են մի շարք աշխատանքներ, մշակվել է ռազմավարության ծրագիր»,-ասաց նա և հավելեց, որ 2023 թվականին հայտնաբերվել է թմրանյութի ապօրինի վաճառքի 146 դեպք՝ բոլորը տելեգրամի միջոցով։ 

Ղազարյանն ընդգծեց, որ նախատեսում են ավելի ընդլայնել այդ բաժինը և վարչություն դարձնել։ 

Մանրամասները՝ տեսանյութում: