Հայաստանը՝ թշվառության ճիրաններում․ քաղաքական լուծումների անհրաժեշտություն

Հայաստանը՝ թշվառության ճիրաններում․ քաղաքական լուծումների անհրաժեշտություն

Հակառակ հրապարակային խոստումների՝ գործող իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի և արդեն ապրիլի 1-ից նաև բնական գազի սակագները։

Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության բարձրաստիճան պաշտոնյանների հրապարակային խոսքը որևէ արժեք չունի։ Հեղափոխության կարևոր կարգախոսներից մեկն այն էր, որ մարդն ամենամեծ արժեքն է ու տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ հավատում էին, որ երբ «չար» իշխանությունները հեռանան ու նրանց փոխարեն «հրեշտակները» կառավարեն երկիրը, իրենց սոցիալական խնդիրները կլուծվեն, անարդարությունը կվերանա, «կարմիր գծեր» ու փակ դռներ այլևս չեն լինի։

Հեղափոխությունից հետո, ոմանց եկամուտներն իրապես ավելացել են, ավելացել են անգամներով։ Հարստացել են նոր իշխանության էլիտայի ներկայացուցիչները, նախարարներն ու պատգամավորները, որոնք մեծ պարգևավճարներ են ստանում՝ չնայած նրանց կառավարման որակը, մեղմ ասած, հուշում է, որ «հեղափոխական» պաշտոնյաներից շատերը՝ խրախուսվելու փոխարեն, պետք է պաշտոնանկ արված լինեին։

Հասարակության մեծամասնությունը շարունակում է աղքատանալ և իրավազուրկ մնալ։ Կառավարությունը որևէ բան չի նախաձեռնում սոցիալական աղետը կանխելու համար, երբ գնաճն այլևս հասել է  վտանգավոր սահմանների ու այլևս աղքատության ճիրաններում են ոչ միայն գործազուրկները, հասարակության խոցելի խմբերը, այլ նաև հազարավոր աշխատողներ, որոնց ստացած աշխատավարձը, սակայն, չի հերիքում անգամ կենցաղային տարրական կարիքների բավարարմանը։

Էլ չեմ ասում այն մասին, որ ռուս- ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները Հայաստանի համար ծնել են նոր տնտեսական, սոցիալական ռիսկեր, որոնց չեզոքացման ուղղությամբ կառավարությունը չունի որևէ պատկերացում։ Համենայն դեպս, ԱԺ- կառավարություն երեկվա հարց ու պատասխանը հենց դրա մասին էին։

Մեկ ամսվա կտրվածքով՝ պարենային ապրանքների զամբյուղը կազմում է 37800 դրամ, սպառողական նվազագույն զամբյուղը՝ 71000 դրամ ու սա այն պարագայում, երբ միջին կենսաթոշակն ընդամենը 44000 դրամ է։
Երբ այս իրավիճակում կառավարությունը հրաժարվում է կենսաթոշակների ինդեքսացիայից, ապա գործող իշխանությունն էությամբ հակասոցիալական է։ Սրանով ամեն ինչ ասված է։ Նման կառավարությունների որակը լավատեսության որևէ հիմք տալ չի կարող։

Հայաստանը հայտնվելու է աղքատության ճիրաններում, եթե քաղաքական լուծումներ չգտնվեն։

Վահրամ Բագրատյան