Պարտվել ենք ոչ միայն ֆուտբոլում. տապարով շինված բութ դեմքերն են կերտում պետության ճակատագիրը

Այսօր Վրաստանի հավաքականից խոշոր հաշվով կրած պարտության երկրորդ օրն է, սակայն կրքերը դեռ չեն հանդարտվում, ինչը շատ բնական է։ Ցանկացած պարտություն ցավալի է, առավել ևս ոչ ֆուտբոլային հաշվով պարտությունները ու հատկապես, որ ունենք ֆուտբոլային ամբիցիաներ, բայց այօրվա դրությամբ չունենք ֆուտբոլ։ Հայկական ֆուտբոլն այսօր քանդված է ոչ միայն ազգային հավաքականում, այլև անառողջ մթնոլորտ է նաև ներքին առաջնությունում, ու նման մթնոլորտը չի կարող բարենպաստ հող ստեղծել ֆուտբոլի զարգացման ու հաղթանակների համար։ Սակայն տվյալ պահին խնդիրը Վրաստանից կրած պարտությունը չէ։
Ի վերջո, ֆուտբոլը սպորտ է, ու կարող ենք արձանագրել նաև պարտություններ, թեկուզ խոշոր հաշվով։ Հարցը ոչ էլ վրացի երկրպագուների պահվածքն է հայ երկրպագուների հանդեպ։ Բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո, նույնիսկ ընթացքում երկրպագուների միջև տեղի են ունենում բախումներ։ Իհարկե, Հայաստանում վրացի երկրպագուներին ջերմ հյուրընկալություն ցուցաբերելուց հետո ազնիվ չէր մեր հանդեպ նման պահվածքը Թբիլիսիում, բայց սա այն միջադեպը չէ, որի վրա արժե այս պահին այդքան կենտրոնանալ, քանի որ այն չի լուծում մեր խնդիրները։
Իսկ մեր խնդիրը ՔՊ-ական ապականումն է բոլոր ոլորտներում, պետության ամբողջական ձախողումը, ամբողջական ու միասնական։ Համատարած անկումից չի փրկվում և ոչ մի բնագավառ։ Պատճառը պատերազմում պարտված, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում ստորացված, արտաքին հարաբերություններում մուրացիկ, քաղաքականապես տգետ, անհայրենիք ու անկենսագիր ՔՊ-ական գորշ միջակությունների չարդարացված ագրեսիան ու ստորացումը կոմպեսացնելու մղումով լկտիացած պահվածքն ու մոտեցումն է այն բոլոր ասպարեզներում, որտեղ դժբախտաբար ներխուժել են, իսկ նրանք քաղցկեղի մետաստազների պես թափանցել են ամենուր։
Կյանքում որևէ հաջողություն չգրանցած ու ոչինչ ձեռք չբերած այդ խմբակը, «Անասնաֆերմայի» մոտիկվներով հասնելով իշխանության, անկարող է իր կողքին հանդուրժել խելացիին, տաղանդին, հանճարին, հաջողության հասած մարդուն, որովհետև մոտակայքում խելքի առկայությունը ի ցույց կդնի նրանց սեփական ոչնչությունը նույնիսկ իրենց աչքում։ Նրանք անկարող են հանդուժել բոլոր նրանց, ովքեր ժամանակին ծափ չեն տվել Փաշինյանի «նոր Հայաստանին», որովհետև այս խմբակը ծափ չտվողների հանդեպ ունի անասնական վախ։ Նրանք բոլոր տեղերից վտարեցին կարող մարդկանց այնպես, ինչպես հայկական ֆուտբոլից Հենրիխ Մխիթարյանին, շախմատից Լևոն Արոնյանին։
Շեշտում եմ, պետությունն ամբողջական ու միասնական ձախողելուն զուգահեռ նրանք միայն մի բանում են հաջողում ստեղծել ամորֆ միջավայր, Չարենցի խոսքերով տապարով շինված բութ դեմքերից կերտել ազգի ու պետության ճակատագիրը որոշողներ, ու ցավոք այդ բթությունը դառնում է վարակիչ, ամորֆ վիճակը տարածվում է ամենուր։ Չլիներ այդ ամորֆ անտարբերությունը, պատերազմից հետո չէր լինի Փաշինյանի քաղաքական գոյությունը, ֆուտբոլային աշխարհը մի մարդու պես կըմբոստանար Հենրիխ Մխիթարյանի հանդեպ կատարվող ճղճիմությունների դեմ, շախմատային աշխարհը չէր հանդուրժի Լևոն Արոնյանի հեռանալը։
Այս խմբակը համատարած գորշություն պետք է սփռի ամենուր, որպեսզի ինչպես աբբա Ֆարիան «Կոմս Մոնտե-Քրիստոյում» բնորոշեց փիլիսոփայությունը, այդպես էլ ՔՊ-ականները բացականչեն. ««Իրական Հայաստանն» այն լուսաճաճանչ օղակն է, որի վրա Փաշինյանը ոտք դնելով երկնքից իջավ երկիր»։
Այս ապականումն ընթանալու է անկասելի, ձախողումների շարքը լինելու է անվերջանալի, պետության խորտակումն իր բոլոր ինստիտուտներով ու ոլորտներով հանդերձ լինելու է անմնացորդ, ազգի ու ազգային արժեքների որակազրկումը ընթանալու է մինչև հատակ այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք հղփացած ու գաղափարազուրկ գորշությունների գոյությունը մեր պետության ղեկին, ընդ որում թե' գործադիր, թե' օրենսդիր իշխանություններում, թե' ՏԻՄ մակարդակում, և թե' սպորտում։
Կարեն Կարապետյան