Նախորդ սկանդալը դա՞ս եղավ․ ինչո՞ւ Փաշինյանը նոր ուղղաթիռներով չհպարտացավ ու սելֆի չարեց

Պաշտպանության նախարարությունը դեռևս հունվարի 25-ին հաղորդագրություն էր տարածել, հայտնելով նոր ուղղաթիռների ձեռքբերման մասին։

Ուշագրավն այն է, որ նախարարությունից չէին հայտնել, թե խոսքը մասնավորապես ինչ ուղղաթիռների մասին է, անգամ չէին նշել ձեռքբերված ուղղաթիռների քանակը ու արտադրող երկիրը։ Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն սակայն, ՊՆ –ն այդ ուղղաթիռները ձեռք է բերել ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանից՝ «Պատրոն Դավոյից», որը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում անորակ հրթիռների մատակարարելու մեջ և օրերս է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ստացվում է, որ իշխանությունները Պատրոն Դավոյին հրապարակային կերպով մեղադրում են անորակ հրթիռներ և զենք ՊՆ-ին մատակարարելու մեջ, բայց շարունակում են համագործակցությունը և նրանից նոր ուղղաթիռներ են ձեռք բերում: Ընդ որում այս տեղեկատվությունը նախարարությունից որևէ կերպ չի հերքվել կամ այս առնչությամբ որևէ պարզաբանում չի տրվել։

MediaHub.am-ը դեռևս հունվարի 26-ին հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն, խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե խոսքն ի՞նչ ուղղաթիռների ձեռքբերման մասին է, հնարավորության դեպքում նշելով նաև ուղղաթիռների լրիվ անվանումը, քանակը, դրանց ձեռքբերման համար ծախսված գումարի չափը և երկիրը կամ ընկերությունը, որից ձեռք են բերվել։

Մեր այս հարցումը սակայն անպատասխան մնաց, նույն հարցումը ուղարկել էինք նաև փետրվարի 7-ին։ Այս դեպքում ևս հարցման պատասխան չստացանք սահմանված 5-օրյա, անգամ 30-օրյա ժամկետում։ Մեր բազմաթիվ զանգերից հետո, հարցմանը պատասխանեցին միայն այսօր՝ երկրորդ հարցումից 40 օր անց։

ՊՆ-ից հայտնել էին, որ հայցվող տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել։