«Ագորրայի» փոխարեն՝ «խուլ ու համր» իշխանություն

Հասարակության շրջանում անորոշությունը, տագնապն ահագնանում են։
Ադրբեջանը ներկայացրել է հինգ պայմաններ՝ Հայաստանին առաջարկելով կնքել խաղաղության պայմանագիր։ Պաշտոնական Երևանը, բանակցությունները կազմակերպելու խնդրանքով, դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Խնդիրը Բաքվի առաջարկությունների բովանդակությունը չէ, այլ Երևանի դիրքորոշման բացակայությունը կամ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությունից թաքցնում է իր մոտեցումները։
ԼՂ, հայ- ադրբեջանական հարաբերությունների հարցում հեշտ լուծումներ չեն լինելու՝ հատկապես Նոյեմբերի 9-ից հետո։ Դա ակնհայտ է, որևէ մեկս չունենք պատրանքներ, բայց ակնկալում ենք, որ իշխանությունը որոշումներ կայացնի՝ քաղաքական ուժերի, հասարակության հետ խորհրդակցելով։ Գաղտնի կամ վերջին պահին կայացված որոշումների համար մեր պետությունն ու հասարակությունն արդեն շատ թանկ գին են վճարել։
Այս օրերին ՔՊ պատգամավորները «փախուստի» մեջ են՝ լրագրողներից, իրենց հարցեր ուղղող ընդդիմադիր պատգամավորներից։ Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Արմենպրեսին»-ին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը։
Թվում էր՝ ինչ-որ հարցերի պատասխաններ կստանանք, բայց այս հարցազրույցն ավելի շատ հարցեր ծնեց, քան տվեց եղած հարցերի պատասխանները։ Արարատ Միրզոյանի հարցազրույցը պարզաբանում չի տալիս մի քանի սկզբունքային հարցերի։ ԱԳ նախարարն ասում է ադրբեջանական առաջարկությունները թերի են, բայց չի պարզաբանում դրանք պաշտոնական Երեւանն ընդո՞ւնել է, թե՞ ոչ։ Կամ ասում է ԼՂ-ի կարգավիճակը պետք է հստակեցվի, սակայն վերացական ինչ-որ արտահայտություններով չի նշում որն է հայկական կողմի տեսլականը։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր՝ Արցախի հետ կապված բոլոր հացերը քննարկել ժողովրդի հետ՝ «Հայկական Ագորրայում»։ Այդ խոստումներից ոչինչ չի մնացել, ունենք «խուլ ու համր» իշխանություն՝ հասարակությունից կտրված, արտաքին աշխարհում խոցելի․․․
Վահրամ Բագրատյան