Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Հայաստանի իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են հայկական տոնացույցը համալրել եւս մեկ տոնով՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշել Հայաստանի Հանրապետությունում որպես ճանապարհաշինարարի օր։

«Կարեւորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը եւ կարեւորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին եւ ձեռքբերումներին։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում:

Իշխող ուժի համար առաջնայինը Սիսիանն է եղել, որտեղ 8 մանդատ վերցնելն առաջիկայում փորձելու են իբրեւ քարոզչական դրոշակ օգտագործել` այն համատեքստում, որ չնայած թուրքը հասել է Սիսիան, նստած է Իշխանասարում, բայց ժողովուրդն իրենց նախընտրել է նախկիններից։

«Հրապարակ» թերթը գրում է․

Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Կառավարությունից չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, եւ սպասվո՞ւմ է արդյոք նման հանդիպում, մինչդեռ գործադիրի մեր աղբյուրները փոխանցում են, որ կա նման մտադրություն:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Արցախի քաղաքական շրջանակներում անհանգիստ են Բաբայանի վերադարձի առիթով, մի քանի վարկած է շրջանառվում:

Արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է եւ նրա կողմից է հովանավորվում։ Եվ եթե վերադառնում է, ապա լուրջ պատճառներ կան, օրինակ՝ կասկածում են, որ Փաշինյանն է գործուղել՝ արցախցիներին նոր ցավոտ զիջումների պատրաստելու համար, որպեսզի, երբ Արցախի գործող վարչախումբը փորձի հակադրվել Արցախը հանձնելու որոշմանը, Բաբայանի միջոցով զսպեն խռովությունները:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու:

Առողջապահության նախարարությունից ստացել ենք կոնկրետություն չպարունակող, տվյալ պահին առկա վիճակի հետ կապված հարցը ուղղակիորեն շրջանցող, ընդհանրական պատասխան, որն ընդամենը հղում է կառավարության որոշմանը և ոչ ավելին:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլ յուչեվոյ» պաշտոններում:

Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել նախօրոք. այն պետք է տեղի ունենար Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցերից հետո միայն։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախնական տարբերակները։ 

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին հնարավոր է մասնակցի համաձայնագրի նախնական, «սևագիր» տարբերակ ունենալով իր հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաեւ հարցեր են ուղղել։

Մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, եւ Փաշինյանը չի թաքցրել ոչինչ եւ մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։ Պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից եւ նրա անկեղծ եւ բաց տեքստով խոսքերից հետո։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1,5 տարի անց նախաքննական մարմինը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու քրեական վարույթով մինչեւ վերջ գնալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Հիմա գնդակը դատախազության դաշտում է, տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի դատախազությունը: