Ըստ ՔԿ-ի՝ քննիչը չի իմացել, որ Ռուբեն Մխիթարյանի հետ է խոսում 

Ըստ ՔԿ-ի՝ քննիչը չի իմացել, որ Ռուբեն Մխիթարյանի հետ է խոսում 

Այսօր Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ իրեն են զանգահարել ՀՀ Քննչական կոմիտեից և տեղեկացրել, որ անցյալ տարի մայիսին իր կատարած իրավախախտման հիմքով (մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի) իրեն հրավիրում են Քննչական կոմիտե՝ պարզաբանումների։ 

Մխիթարյանը սա ծիծաղելի է որակել, քանզի մոտ մեկ տարի անց այս դեպքի մասին հիշել են ու որոշել ընդդիմադիր թեկնածուին այս կերպ ճնշել։ 

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտեին՝ ճշտելու, թե ի՞նչ հիմքով են նրան հրավիրել հարցաքննության։ ՔԿ-ից ասացին․ «Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչը, իրացնելով իր լիազորությունները նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»։

Փաստորեն, մեկ տարի անց քննիչը, «չիմանալով, թե ում հետ է խոսում», որոշել է այս գործին ընթացք տալ։ 

Վահե Մակարյան