Ի՞նչ է պարզաբանել Փաշինյանը Պուտինին 

Ի՞նչ է պարզաբանել Փաշինյանը Պուտինին 

«Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններն ու գնահատականները»,- նշվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ՝ որպես անդրադարձ Փաշինյան-Պուտին ուրբաթ օրվա հեռախոսազրույցի:

Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ և, ըստ ամենայնի, Փաշինյանին մտահոգել է Մոսկվայի արձագանքը, որը հաջորդել էր ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի մեկնարկի օրինագծին Հայաստանի կառավարության տված հավանությանը:

Սա հերթական դասական դեպքն է, երբ Փաշինյանը դիմում է արկածախնդրության՝ հիմնականում ներքաղաքական մոտիվներով պայմանավորված, բախվում է շատ կոնկրետ արտաքին քաղաքական ռիսկերի կամ դրանց հեռանկարի հետ, հետո փորձում է «հերոսաբար» հաղթահարել ստեղծված իրավիճակը:

Չգիտեմ՝ ի՞նչ տեքստով է Փաշինյանը փորձել համոզել Պուտինին, որ Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ն լքելու հարց չկա ու նույնքան անհայտ է, թե ինչքանով են Պուտինի համար համոզիչ թվացել Հայաստանի վարչապետի փաստարկները:

Նույն տրամաբանությամբ՝ ինչպե՞ս են Բրյուսելում հավատալու Հայաստանի եվրաինտեգրման մտադրության ազնվությանը, եթե Փաշինյանի կաբինետի անդամը շտապում է հայտարարել, թե Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից հեռանալու հարց չկա:

Հայաստանը մշտապես ունենալու է նման ռեպուտացիոն կամ առնվազն ռեպուտացիոն խնդիրներ, քանի դեռ իշխանության ղեկին արկածախնդիր մի մարդ է:

Սուրեն Սուրենյանց