Օլիմպիական խաղերի անվան տակ՝ հոգեորսություն Երևանի կենտրոնում

Օլիմպիական խաղերի անվան տակ՝ հոգեորսություն Երևանի կենտրոնում

Մի քանի օր է Երևանի Հյուսիսային պողոտայում, Կոնսերվատորիայի դիմացի հատվածում անցուդարձող քաղաքացիներին որոշ մարդիկ բրոշյուրներ ու գրքեր են բաժանում, որի շապիկի վրա պատկերաված  է Փարիզի Էյֆելյան աշտարակը ու Օլիմպիական խաղերի խորհրդանիշները։ Այդ բրոշյուրներից մեկն առաջարկել են Լուսինե Գրիգորյանին։ 

Վերջինս երթուղայինում է ուսումնասիրել գիրքը, տեսել, որ դրա մեջ Օլիմպիական խաղերի մասին որևէ գրություն չկա։

«Այդ ընթացքում որևէ կասկած չեմ ունեցել, որ այդ մարդիկ աղանդավորներ կարող են լինել, քանի որ գրքի կազմը և համապատասխան պատկերները հուշում էին, որ Օլիմպիական խաղերի մասին օգտակար տեղեկություններ կարող են լինել։ Տրանսպորտում ուսումնասիրելուց հետո արդեն պարզ էր, որ գոնե բովանդակությունը մեր եկեղեցու՝ մեզ հայտնի Նոր կտակարանը և կամ Աստվածաշունչը չէ»,- ասաց նա։

Լուսինեի խոսքով՝ բաժանողները պատահական վայրերում չեն հայտնվում, այլ քաղաքի ամենամարդաշատ վայերում։ 

«Գրքերի և բրոշյուրների էջերում նշված է նաև հետադարձ կապի միջոցները։ Պարզ է, որ մեր հայրենակիցների մի մասը կապ է հաստատելու և չի բացառվում, որ գնալու է»։

Լուսինեն ահազանգում է․ «Վստահ եմ, որ իրավապահները, եկեղեցին այս առումով գուցեև իրենց լիազորությունների շրջանակում ոչինչ չեն կարող անել, բայց պետք է զգոն լինենք։ Օլիմպիական խաղերը խորհրդանշող գրքեր բաժանող մարդիկ հոգեորսություն են անում Երևանի կենտրոնում»,-ընդգծեց նա։

Հունան Թադևոսյան