Բողոք չի հնչել, վերադառնալու կամ չվերադառնալու մասին որևէ խոսք չի եղել. Բաքվում պահվող գերիների հարազատներ

Բողոք չի հնչել, վերադառնալու կամ չվերադառնալու մասին որևէ խոսք չի եղել. Բաքվում պահվող գերիների հարազատներ

Մամուլում տեղեկություն է տարածվել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների առողջական լուրջ խնդիրների, պահման պայմանների ու անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։ 

Որ ՀՀ իշխանությունները նրանց և Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու համար գործուն քայլեր չեն անում, այս մասին խոսվել է բազմիցս՝ գերիների հարազատների հետ մեր պարբերական զրույցների ընթացքում։ 

MediaHub-ն այսօր զրուցել է Բաքվում պահվող, Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հարազատների հետ։ Վերջիններիս պնդմամբ՝ նրանք այնտեղից որևէ բողոքի նոտա չեն հղել։

«Հիվանդությունները նոր բան չեն, դրա մասին մենք լավ տեղյակ ենք, որ այո՛, խնդիրներ ունեն, բայց նաև տեղյակ ենք, որ այնտեղ բժշկական օգնություն է ցուցաբերվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Յուրաքանչյուր չորեքշաբթի մենք կապի մեջ ենք։ Տեղյակ լինելով իրենց առողջական հարցերին՝ ասում են, որ բժշկական ծառայություններն ու անհրաժեշտ դեղորայքը մատուցվում է ժամանակին։ Բայց բոլորիս երազանքն է, որ նրանք մեզ հետ լինեն, տանը, մեր հոգածության ներքո»,- ասաց հարազատներից մեկը։ 

Պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարներն ու գերեվարված անձինք երեկ հերթական զանգն են կատարել ընտանիքներին։ 

«Բոլորը տուն են խոսել, իմ իմանալով որևէ մեկը առանձնապես բողոք ու խնդիր չի ներկայացրել և կամ չի հուշել, թե «սովորեք ապրել առանց մեզ»։ Դա բացառվում է»,- հավելեց մեր զրուցակիցներից մեկը, ում հայրը ևս, 10 ամսից ավելի է, գտնվում է Բաքվի բանտում։ 

Հիշեցնենք, մամուլը գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն է հարազատներին ասել, թե «սովորեն առանց իրենց ապրել»:

«Չեմ կարծում, թե Կարմիր խաչը չվերադառնալու մասին տվյալներ կփոխանցի լրատվամիջոցներին, այն դեպքում, երբ գերեվարվածները նման բան չեն ասել։ Հերթական, սովորական զանգն են կատարել, նշել, որ իրենց մոտ ամեն ինչ նույնն է, և որ դատ դեռևս չի եղել։ Վերադառնալու կամ չվերադառնալու մասին որևէ խոսք հնարավոր չէ լինի»,- MediaHub-ին ասաց նա։

Գերեվարվածների հարազատները միմյանց հետ փոխադարձ կապի մեջ են։ Նրանք սերտ համագործակցություն ունեն նաև Կարմիր խաչի հայաստանյան առաքելության հետ։ Ընտանիքները հավատում են, որ իրենց հարազատները կվերադառնան միայն հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության արդյունքում: Առայժմ այս լույսը չի երևում, բայցև չի բացառվում, որ միջազգային դատարանները, իրավապաշտպան կառույցները կհաջողեն։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի առաքելության պատվիրակները գերիներին ու պատանդներին այցելել են հուլիսին։ Պահման պայմանների, առողջական վիճակի մասին զեկուցվում է ինչպես ՀՀ իշխանություններին, այլև այդ տեղեկությունները փոխանցվում են ընտանիքների անդամներին։

Հունան Թադևոսյան