Անմահները հրամայում են, Եռաբլուրը պարտադրում է․․․

Անմահները հրամայում են, Եռաբլուրը պարտադրում է․․․

Արդեն երրորդ տարին անընդմեջ՝ հազարավոր հայ ընտանիքներ Տարեմուտը կդիմավորեն իրենց զոհերի շիրիմների մոտ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Մինչ ոմանք Ամանորի գիշերը կզվարճանան Հանրապետության հրապարակի տոնական լույսերով, Եռաբլուրի բարձունքում կճառագի իսկական լույսը՝ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մի քանի բախումների հազարավոր նահատակների երկնային լուսավոր ներկայությունը։ Ի հեճուկս այս վարչախմբի՝ նրանք իրենց սխրանքների պատմություններով մեր կյանքի ու պատվի նշաձող են սահմանել, որը, սակայն, մենք ցավալիորեն «զգետնում ենք»։

Շատերը կխոսեն քաղաքական փոփոխություններից, կհավակնեն երկիր ղեկավարելու, բայց բացի հանրահայտ չափանիշներից՝ Հայաստանի ապագա կառավարիչներին ամենակենսունակ պահանջը պետք է լինի այն, որ նրանք լինեն նույնպիսի նվիրյալներ, իրենց հող ու ջրին նույնքան նվիրված զավակներ, որքան վերջին մի քանի պատերազմների նահատակներն էին։ Այդպիսին էին, օրինակ, նաև Առաջին հանրապետության ղեկավարները, այդպիսին էր Վազգեն Սպարապետը։

Եթե մեր հանրային կյանքում վերածննդի սպասում ունենք, այն գալու է նախևառաջ զոհերի ընտանիքներից և պատերազմի հաշմանդամներից ու վիրավորներից։ Նորմալ իշխանության գոյության պայմաններում ամբողջ գիտակրթական համակարգն ամեն ինչ կաներ՝ վիրավոր ուսանողներին արագորեն վերինտեգրելու հասարակությանն ու կրթությանը, արժևորելու նրանց դերը, նոր սերնդին նրանց ներկայացնելու իբրև անձնվիրության կենդանի օրինակ։ Այդ տղաներն անցել են 44-օրյայի մղձավանջի միջով, անվերականգնելի առողջական վնասներ են կրել, հոգեբանական շոկը դեռևս չեն հաղթահարել, ավելին՝ նրանց աչքի առաջ այսօր իրենց պաշտպանած հողն է հանձնվում։ Ի՞նչ անեն նրանք, ինչպե՞ս առօրյա կյանքին վերադառնան։

Մեր հասարակությունը խիստ երեսպաշտ է և արդեն վաղուց մոռացել է, լավագույն դեպքում՝ միայն կենացների մակարդակով է հիշում հազարավոր զոհերի վաստակը։ Մինչդեռ այս երկու տարում որդեկորույս մայրերը պիտի զգային հանրության ամենատարբեր շերտերի՝ ընդդիմության, մտավորականության, գործարարների, շոու-բիզնեսի աստղերի ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը, հոգեբանորեն պաշտպանված ու գնահատված զգային իրենց։ Այս վարչախումբը երես չունի այցելելու զոհերի ընտանիքներին, բայց գոնե կարող էր դա կազմակերպել ոչ թե իրենց դեմքով, այլ, ասենք, համայնքների դպրոցներին հանձնարարականներ իջեցնելով՝ պարբերաբար այցելելու զոհերի հարազատներին։

Որդեկորույս ընտանիքները բնավ միայն ֆինանսական աջակցության կարիքը չէ, որ ունեն։ Միամորիկ որդու նահատակումից հետո նրա հարազատներն ի՞նչ պիտի անեն գումարային փոխհատուցումը, ինչպե՞ս պիտի լրացնեն իրենց զավակի անվերականգնելի կորուստը։ Որքան էլ պատերազմն աղետալի էր, դրա սոցիալ-հոգեբանական հետևանքները, ինչպես արդեն հասցրել ենք համոզվել, հարյուրապատիկ ավելի դաժան են։ Պատերազմի տասնյակ հազարավոր վիրավորներն առայսօր հոգեբանական լրջագույն խնդիրներ ունեն։ Նրանք երբեք չեն կարողանա մտահան անել ո՛չ մարտերի սարսափները, ո՛չ ԱԹՍ-ների չարագուշակ ձայնը, ո՛չ մարտական ընկերների նահատակումն իրենց աչքի առջև, ո՛չ էլ այն, որ իրենք չհասցրին նույնիսկ զոհերի մասունքները փոխադրել անվտանգ տեղ։

Որքան էլ զոհերի բարեկամները տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունենան, անընդունելի է անձնական կամ թիմային նկատառումներով նրանց թիրախավորելն ու անպատվելը։ Պետք է բացատրել իրավիճակը, ցուցանել իրական մեղավորին, հանրությանը համախմբել պատերազմի զոհերի, Եռաբլուրի խորհրդի և Արցախի հայկականության գաղափարների շուրջ։ Պատերազմում մարդկային կորուստների թեման չի կարող քաղաքական երկբևեռ իրողությունների շրջանակում տեղավորվել, դա անթույլատրելի է և մեծագույն մեղք կլինի հենց նահատակների հիշատակի առջև։

 

Դավիթ Սարգսյան