Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ-ին ճնշում են նաև հոգեբանորեն․ զորավարժության ձայները լսվում են սահմանամերձ գյուղերում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից խոսում, դրա կարևորությունն ընդգծում են բոլոր երկրները, սակայն, սպասված խաղաղությունն այդպես էլ դեռ «տեղ չի հասնում»։ Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան ասում են մեկ բան, գործնականում կիրառում այլ բան։ Հայաստանի իշխանությունն առաջ է տանում իր կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ»-ը, իսկ ադրբեջանաթուրքական դաշինքի անթաքույց ցանկությունը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» տիրանալն է։
Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին զորավարժություն են իրականցնում։ Ռազմական լրագրողների հավաստմամբ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններին՝ Սյունիքի և Արարատի մարզերի հարակից գոտում անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ MediaHub-ը կապ հաստատեց սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցների հետ։ Վերջիններիս պնդմամբ՝ զորավարժությունների ձայները լսելի են անգամ Հայաստանից։
«Արդեն 2-րդ օրն է, որ լսում ենք կրակոցները։ Ճիշտ է, լսվում է հեռվից, այնպես չէ, որ դա վախեցնում է մեզ, բայց ամեն դեպքում՝ անհանգստանում ենք։ Չենք վստահում իրենց, գիտենք, որ իրենց նպտակը մեզ նաև հոգեբանորեն ճնշելն է»,- ասաց Սյունիքի մարզի բնակիչը։
Վերջինիս հավաստմամբ՝ ադրբեջանցիները Բերձորի (Լաչին) ուղղությամբ նաև ամեն օր մեծ քանակի բեռներ են տեղափոխում։
«Սկզբից կարծել ենք դա շինարարության համար է, քանի որ այնտեղ մեծ ծավալի վերականգնման աշխատանքներ են ընթանում, բայց չի բացառվում, որ զենք-զինամթերք են տեղափոխում»,- նկատեց նա։
Նույն պատկերն է նաև նախիջևանյան կողմում։ Վայոց ձորի մարզի Արենի և Խաչիկ գյուղերի դիմահայաց ադրբեջանական դիրքերում շարժը չի դադարում.
«Ես չեմ ասում, թե՝ վերջ, պատերազմը սկսվում է, բայց պատահական չէ, որ իրենց ասած «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով են ընթանում այդ զորավարժությունները»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երեկ զեկույց է հրապարակել, որում նշվում է, թե բարձր չեն գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, իսկ ահա Անվտանգության խորհրդի քարտուղարը նույն օրը մտահոգիչ համարեց Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները և այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
Հունան Թադևոսյան