«Սառը ցնցուղ»՝ արևմտամետների գլխին

«Սառը ցնցուղ»՝ արևմտամետների գլխին

«ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ»,-  օրերս հարցազրույցում ասել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։

Բրյուսելից բաց տեքստով հասկացնում են, որ իրենց օրակարգում Հայաստանի անդամակցության խնդիր չկա՝ չնայած դա ավելի քան ակնհայտ էր, եթե նույնիսկ Ստանոյի հայտարարությունը չլիներ:

Բրյուսելի դիրքորոշումն ինքնին հասկանալի է. ԵՄ-ն քաջալերում է Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունն այն մասով, որ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար, բայց առանձնապես հակված չէ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Հայաստանի առջև:

Հետաքրքիր է՝ Ստանոյի այս հայտարարությունից հետո ի՞նչ փաստարկներ են բերելու այն երեք- չորս քաղաքական ուժերը, ովքեր մտադիր էին ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նախաձեռնել: Ինչպես տեսնում ենք՝ դրա քաղաքական, իրավական հիմքերը չկան:

Հայաստանի Սահմանադրությունը նման դեպքերում հանրաքվե սահմանում է գործընթացի ավարտին, երբ ԵՄ-ի ու Հայաստանի միջև կնքվի անդամության փաստաթուղթ ու փաստացի այն դրվի հանրաքվեի:

Ինչպես տեսնում ենք՝ Երևանի և Բրյուսելի այսօրվա հարաբերություններում նման փաստաթղթի անգամ տեսական հնարավորություն չկա:

Սա՝ իրավական կողմը, իսկ քաղաքական առումով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որևէ հիմք գոյություն չունի. նման ազդակներ Բրյուսելից չենք ստանում, ինչի մասին վերջերս ակնարկեց անգամ Նիկոլ Փաշինյանը:

 

Վահրամ Բագրատյան