Միլիոնատեր քավորն Ալեն Սիմոնյանի ամենաստորին աշխատակիցն էր, Ում է պատկանում «Հպարտ քաղաքացին»․ Մամուլը՝ սուրճով

Միլիոնատեր քավորն Ալեն Սիմոնյանի ամենաստորին աշխատակիցն էր, Ում է պատկանում «Հպարտ քաղաքացին»․  Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը:

Ինչպես հայտնի է, երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամկոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը, այն է՝ պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել բռնի տեղահանված արցախցիների հետ, զրուցել նրանց հետ:

Այսպիսով, ՔՊ-ականները Երեւանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ մարզերում ինտենսիվորեն հանդիպումներ կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ:

Թե իրենց իշխանության օրոք իրենց տներից ու սեփականություններից զրկված արցախցիների հետ ինչ պետք է խոսեն ՔՊ-ականները, դժվար է ասել: Հրահանգը, սակայն, կա եւ պիտի իրագործվի»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  

2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները եւ այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ։

Ընկերությունը, փաստորեն, զբաղվում է համակարգչային, կենցաղային տեխնիկայի, պահեստամասերի վաճառքով։ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ոմն Արամ Ալբերտի Ստեփանյանն է: Պարզվում է` Զինվորների ապահովագրության հիմնադրամին ամսական կտրվածքով այս ընկերությունը վճարում է ընդամենը 1500 դրամ, այստեղից ակնհայտ է դառնում, որ պետական մարմինների հետ այսպիսի խոշոր պայմանագրեր կնքող, մեծ վաճառք ունեցող ՍՊԸ-ն ընդամենը 1 գրանցված աշխատող ունի, թեեւ բոլորի համար էլ պարզ է, որ նույնիսկ հասարակ շաուրմայանոցը չի կարող 1 աշխատակցով գործել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

««ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

Մինչ մանրամասներին անդրադառնալը արձանագրենք, որ կոռուպցիան հետապնդում է Ալեն Սիմոնյանին: Նրա գործունեության շատ դրվագներում կան կոռուպցիայի դրսեւորման ցցուն օրինակներ, որպիսիք ինքը՝ Ալեն Սիմոնյանը, նախկինում քննադատում էր՝ համարելով անթույլատրելի:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։

Ուսումնասիրելով ԱԺ նախագահի կարգադրությունը՝ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, կարծես բոլորը Ազգային Ժողովի աշխատակիցներ են, որոնց մի մասի գործուղման ծախսերը հոգում է ՀՀ պետբյուջեն, մի մասն իրենց միջոցներով են մեկնել, սակայն շարքն ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որեւէ երկիր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Այո՛, նույն Էդգար Ավագյանն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները:

Պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին եւ այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչեւ 2022 հունվարի 17-ը։

Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը գտել է քավորի հետ իր ենթակայությամբ հեշտ ճանապարհորդելու եղանակը։ Տարօրինակն, իհարկե, նաեւ այն է, որ օլիգարխ ներկայացող Էդգար Ավագյանը համաձայնել է ԱԺ պատվիրակության կազմում Ֆրանսիա կամ այլ երկրներ մեկնել, որ ինքնաթիռի «տակից» հատուկ ավտոմեքենաներով դիմավորեն, տանեն բարձրակարգ հյուրանոց»:

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին մի նոր փաստի առաջ է կանգնեցրել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն որոշել է՝ այսուհետ դատավորները պետք է իրենց գործերի ժամկետների մասին տեղյակ պահեն դատարանի նախագահին, եթե ժամանակին չեն ավարտել գործը, ներկայացնեն պարզաբանում, թե ինչու չի հաջողվել: Ամենաուշագրավը ԲԴԽ որոշման մեջ այն է, որ եթե դատարանի նախագահն էլ չպահպանի դատարանի դատավորների կողմից գործերի ժամկետների հսկողության մասով հետեւողական մոտեցում ու ժամանակին դեպարտամենտին տեղյակ չպահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։

Ասել է թե՝ դատարանների նախագահները պետք է սկսեն դատավորների վարույթներում քննվող գործերի ընթացքի մասին մանրամասներին տիրապետել եւ ապա զեկուցել ԲԴԽ-ին։ Բացի այդ, սահմանել են, որ դատավորները, որոնք իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) եւ (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք) եւ այլն, դատարանի նախագահին նախապես ու ամսվա վերջում գրավոր հաշվետվություններ պետք է տան (ինչը նույնիսկ ոստիկանությունում ու քննչական մարմիններում չկա): Դատավորները կարող են բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ: Ընտանեկան դրության մանրամասները դատարանների նախագահներին զեկուցելուց բացի, պետք է իրենց վարույթի գործերի մանրամասները ներկայացնեն, որ նրանք վերհսկեն ընթացքը:

Այսկերպ «անկախ դատական համակարգի» բրգաձեւ ղեկավարման նոր մոդել է ներդրվում սիրուն փաթեթավորմամբ՝ վարքագծի նկատմամբ հսկողությունից անցնելով ընթացիկ գործերի մոնիթորինգին: Այս քայլով ԲԴԽ-ն, որ սահմանադրական անկախ մարմին է՝ ապահովելու դատական անկախ համակարգի գործունեությունը, իրականացնելու է տոտալ հսկողություն՝ համակարգը արդեն դե յուրե դարձնելով միասնական կառավարման ենթակա կառույց, շեֆ-ենթակա հարաբերություն կառուցելով։»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: